Ո՞ւր է ռազմարդյունաբերական ձեռնարկությունը․ ՊՆ-ի ու ԲՏԱ նախարարության «պասերով խաղը»

Թեև կառավարությունը հաճախ է խոսում հանրության հետ բաց և հաշվետու աշխատելու, տեղեկատվության ազատության վերաբերյալ, սակայն պետական գերատեսչությունները տեղեկատվություն տրամադրելիս հարցումները իրար «դաշտ են նետում»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ապրիլի 18-ին հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է դադարեցրել գործունեությունը «Լյուբավա Արմենիա» ընկերությունը, որի 50 տոկոսի սեփականատերը պաշտպանության նախարարությունն էր։

Հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում բացվել էր 2014-ին, զբաղվում էր ռազմական հանդերձանքի և սարքավորումների արտադրությամբ։ 2019-ին, սակայն, ընկերությունը գործունեությունը դադարեցրել էր։

Սիվիլնեթի հարցին, թե ինչու է ընկերությունը դադարեցրել գործունեությունը, ՊՆ-ից հայտնել են, թե տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ կառավարության 2019-ի 1476-Ա որոշմամբ «ՉՏԳ Գրուփ» ՓԲԸ-ի (նախկին «Լյուբավա Արմենիա») պետական բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

CivilNetCheck-ը ընկերության գործունեության դադարեցման պատճառների վերաբերյալ նույնաբովանդակ հարցում ուղարկեց նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Այս գերատեսչությունից հինգ օր անց պատասխանեցին, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու պահին կառավարումն իրականացվել է պաշտպանության նախարարության կողմից։ «Առաջարկում ենք հայցվող տեղեկատվությունը ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն»,- նշել էին նախարարությունից։

Այսպիսով, երկու գերատեսչությունները միմյանց վրա են «գցում», ինչը, փաստացի, անհնարին է դարձնում տեղեկատվության ստացումը։

Մեկնաբանել