Փուչ կանխատեսումներ․ պաշտոնյաներին ու մամուլին հիշեցնելով իրենց պնդումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվական կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ընդդիմադիրների՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կհայտարավի վարչապետի թեկնածու։

Մայիսի 9-ը եկավ, հանրահավաքը եղավ, սակայն Թաթոյանը ընդդիմության վարչապետի թեկնածու չհայտարարվեց։

Լրատվամիջոցները և քաղաքական գործիչներն ու ուժերը հաճախ են հանդես գալիս ապագային վերաբերող պնդումներով, կանխատեսումներով ու խոստումներով, որոնք, սակայն, շատ դեպքերում իրականություն չեն դառնում։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ներկայացնում է վերջին ամիսներին տարածված մի շարք նման պնդումներ։

Թաթոյանի՝ ընդդիմության վարչապետ լինելու մասին տեղեկության աղբյուրը Medianews.site կայքն էր։ Լուրն արտատպել էին Civic.am, Araratnews.am, Freenews.am, կայքերը ու ևս մոտ մեկ տասնյակ սունկ կայքեր։

Այս կայքերը փոխկապակցված են իշխանական տարբեր պաշտոնյանների, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Infocom.am-ը ծավալուն հետաքննությամբ ներկայացրել էր, թե ինչպիսին է այս կայքերի «համագործակցությունը»` մեկը գրում է՝ մյուսը տարածում։

Պատկերը՝ Infocom

Արման Թաթոյանը ևս հերքել էր իր՝ ընդդիմության վարչապետի թեկնածու լինելու մասին տեղեկությունները։

«Բացարձակ աբսուրդ է, հորինված ինֆորմացիա, կեղծիք, որն անգամ մեկնաբանության ենթակա չէ»,- նշել էր Թաթոյանը:

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չտվեց, իսկ Սերժ Սարգսյանը չհեռացավ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ փոխկապակցված «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 22-ին հայտնել էր, թե մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա։

Armlur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նաև պնդել էր, որ «Սահմանադրական դատարանը որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել»: Հակառակ սրա՝ մայիսի 6-ին ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավորումը։

Այս մասին հայտնեց նաև Armlur.am-ը, սակայն արդեն առանց հիշատակելու նախկինում արված կանխատեսումները։ Ջհանգիրյանը շարունակում է պաշտոնավարել։

Ապրիլի 20-ին «Հրապարակ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ասպարեզից հեռանալու հայտարարություն անել, և միաժամանակ «բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներից հերքել էին այս տեղեկությունը, իսկ երրորդ նախագահի կողմից նման հայտարարություն այդպես էլ չարվեց։ Մայիսի 1-ին մեկնարկած ընդդիմության հանրավաքներին պարբերաբար մասնակցում են և՛ Սարգսյանը, և՛ Քոչարյանը։

Հյուսիս-Հարավից մինչև սահմանազատման հանձնաժողով․ վարչապետ Փաշինյանի չիրականացած խոստումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտնել էր, որ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։

Աղբյուրը՝ primeminister.am

Մինչև այժմ, սակայն, հանձնաժողովի ստեղծման մասին հայկական կողմը չի հայտարարել։ Մայիսի 3-ին Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել էր, թե քննարկումները շարունակվում են, և հավանաբար մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-ին, արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը չմեկնաբանեց հանձնաժողովի ստեղծման մասին հարցը։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ՝ կառավարության փետրվարի 17-ի նիստում նաև հայտնել էր, որ հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ, որը տևելու է 70 օր։

«Այս պրոցեսը պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք արդեն գործնականում, և մնա միայն իրագործման փուլը»,- հավելել էր Փաշինյանը։

Թեև Փաշինյանի հայտարարած 70 օրը լրացել է ապրիլի 27-ին, սակայն մինչ օրս նախարոակավորման փուլը տեղի չի ունեցել։ Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախաորակավորման համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մոտ մեկուկես ամսով՝ մինչև հունիսի 9-ը։

Նաիրա Զոհրաբյանը «գրազը տարվեց»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2022-ի հունվարի 18-ին ահազանգել էր, թե իր տեղեկություններով առաջիկա ամիսներին Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։

«Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ՝ պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

Սողոմոն Թեհլիրյանի արձանը Մարալիկում․ Լուսանկարը՝ քանդակագործ Սամվել Պետրոսյանի

Այս հայտարարությունից շուրջ չորս ամիս անց Սողոմոն Թեհլիրյանի արձանը կանգուն է։ Արձանը հեռացնելու որևէ փորձ չի եղել։

Արմեն Սարգսյանը այդպես էլ չի վերադառնում

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին արտերկրից հայտնեց իր հրաժարականի մասին։ Երկու օր անց՝ հունվարի 25-ին, նախագահականի մամուլի ծառությունը նախագահի՝ այս մասին արտերկրից հայտնելը պատճառաբանել էր վերջինիս արտերկրում բժշկական հետազոտություն ստանալու անհրաժեշտությամբ։

«Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,- ասել էին նախագահականից։

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր մեկնելուց մոտ չորս ամիս անց նրա վերադարձի մասին տեղեկություն չկա։

Մեկնաբանել