Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է Բլինքենը:

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև պետդեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ կողմերը քննարկել են «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, որպեսզի օգնի երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասված է պետդեպի հայտարարության մեջ: