Ռուսաստանը դեռ չի պատասխանել խաղաղապահ զորակազմն ավելացնելու Արցախի խնդրանքին

Գևորգ Թոսունյան

Արցախի նախագահականից չեն պարզաբանում՝ արդյոք ռուսական կողմն ավելացրե՞լ է խաղաղապահների թիվը, թե՞ ոչ։ Նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմի ղեկավարի պատասխանից պարզ է դառնում, որ Ռուսաստանը դեռ չի պատասխանել Արցախին։

Մարտի 25-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով Արցախում «վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները»։

Հասկանալու, թե ինչ պատասխան է տվել ռուսական կողմը, ՍիվիլՆեթը գրավոր հարցմամբ դիմեց Արցախի նախագահին։

«Նշված գրությունն իր մեջ պարունակում էր նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի, սպասարկող միջոցների և, համապատասխանաբար, զինծառայողների ու զինտեխնիկայի միջոցների քանակը վերանայելու մասին խնդրանք»,- պատասխանել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Արցախի նախագահականից ստացված գրության շարադրանքից պարզ է դառնում, որ Ռուսաստանը դեռ չի պատասխանել դիմումին։

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործունեության բնույթը և գործառույթներից բխող գաղտնիությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ գրության ընթացքի և դրա հնարավոր պատասխանի մասին տեղեկությունն իր մեջ պարունակում է պետական գաղտնիք՝ տեղեկացնում ենք, որ դրա մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- նշված է ՍիվիլՆեթին տրամադրված պատասխանում։

Արցախում իրավիճակը լարվել էր մարտի 24-ին, երբ ադրբեջանական զինուժը, խախտելով շփման գիծը, զբաղեցրել էր Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից բարձունքը։ Փառուխից, ինչպես նաև մերձակա Խրամորթ գյուղից տարհանվել էին կանայք և երեխաները։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվում էր ռուսական 1960-հոգանոց խաղաղապահ զորակազմ։

Միջազգային ճգնաժամային խմբի` ապրիլին հրապարակած զեկույցի համաձայն՝ ներկայում հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի թիվը 1600-ի սահմաններում է։

Մեկնաբանել