Առանց գործառույթների «Առաջ Հայաստան»

Իշխանության պահպանման սկզբունքը ինքնամեկուսացումն է։ Ընդ որում ինքնամեկուսացումը վերաբերում է իշխանության մեջ գտնվող ցանկացած մարդու՝ նախագահից մինչև «ժեկի» պետ։ Ինքնամեկուսացումը նրանց անհրաժեշտ է քննարկման չտրվելու համար։ Ինքնամեկուսացումը քաղքենու հացն է, նա ուզում է, որ ինքը լինի ամենուր, բայց ոչ ոք չլինի նրան մերձ։ Այսինքն, լինի այնտեղ, որտեղ իրեն չեն քննարկում, որտեղ քննարկողներ չկան, որտեղ բոլորն ինքնամեկուսացման ծառի մյուս ճյուղերն են։ Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամը հրաժարական ներկայացնելուց առաջ դժգոհում էր, որ նախագահ Մեդվեդևի շրջապատը նախկին նախագահին հեռու էր պահում ՀԽ-ի դժգոհություններից։

Միշտ պետք է դիտարկել՝ որտեղի՞ց է նայում մեր երկրի ղեկավարը, երբ գյուղացիներին խորհուրդ էր տալիս թողնել հարազատ գյուղը և իջնել այնտեղ, որտեղ կյանք կա։ Ո՞վ է Սերժ Սարգսյանին այդպիսի խորհուրդ տվել։ Չէ՞ որ դա երկրի մեկ միլիմետրն անգամ չգիտակցող մարդու խորհուրդ է։ Քանզի որտե՞ղ է ավելի լավ։ Պարզ է, որ դա մեկուսացած մարդու խորհուրդ է։

Ո՞րն է մեկուսացման իմաստը։

Առաջին, որպեսզի առաջնորդը երբեք չմտածի ձախողվելու մասին և հետևաբար չմտածի նրանց մասին, ովքեր ձախողել են իրեն։

Երկրորդ, որպեսզի նրա թիմակիցները դառնան դրության տերեր։ Իշխանության մեջ բոլորը նախ համախմբվում են մի նպատակի շուրջ՝ որպեսզի չեզոքացնեն իրենց առաջնորդին, այսինքն, նրան կտրեն իրականությունից ու այդ իրականությունը վերցնեն իրենց ձեռքը։ Առաջնորդին իրականությունից կտրողն այն շրջապատն է, որը երբևէ երկրի և պետության գիտակցումը չի ունեցել, որը իշխանությունը վերցրել է ոչ ծրագրերով և ընտրություններով։ Եվ նա ստեղծում է մի իրականություն, որը հավասարապես անճանաչելի է իր առաջնորդի և ժողովրդի համար։ Այդ իրականությունը ֆիլտրվում է առաջնորդի շրջապատում։ Այսինքն, նա տեսնում է բոլոր ձախողումները, որոնք իր ֆիլտրերով մատուցում է երկրի ղեկավարին։ Սա իրականության նոր կեղծիք չէ, այսպես արել են բոլոր բռնապետական և տոտալիտար երկրների «ամբողջ արքայական շքախումբը»։

Ինչո՞ւ ոչ մեկին թույլ չեն տալիս մոտենալ Սերժ Սարգսյանին, ինչու՞ Սերժ Սարգսյանն ինքը ընտրություններից հետո ոչ քարոզչական նպատակներով չի մեկնում որևէ գյուղ (պարտադիր չէ սահմանամերձ, որտեղ այսպես թե այնպես վատ է), որպեսզի տեղեկանա, թե ինչպիսին է իրական վիճակը։ Որովհետև նա ստիպված պիտի լինի պատասխանել հարցերի, որոնց գոյության մասին չի էլ ենթադրել։

Երբ առաջնորդը իր ձախողումների մասին ոչինչ չգիտի, ամենամեծ հանցագործությունը նրան թվում է հաջողություն, քանի որ կարծում է, թե ավելի վատ կարող էր լինել։ Գլոբալ իմաստով մեր երկրի ղեկավարը պարապ մարդ է, որովհետև միայն պարապ մարդը բան ու գործը թողած ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին կստիպի վայր դնել պատգամավորական մանդատը։ Ու ոչ ոք չի կարող նրա աչքերի մեջ նայելով հարցնել՝ եղբայր քո ի՞նչ գործն է այդ մարդու հրաժարականը, եթե դու ունես անկախ դատարան, պրոֆեսիոնալ նախաքննչական մարմին։ Իրականությունն այն է, որ ինքը ոչ միայն պարապ է, այլև չգիտի, թե հատկապես ինչ գործառույթներ ունի։

Գործառույթ ունեցողը Ռուբեն Հայրապետյանին դեմքով էլ չէր իմանա։ Գործառույթ ունեցողը այնպիսի համակարգ ստեղծած կլիներ, որտեղ նույնիսկ հանցագործը փողոցում կիմանար իր տեղը։ Գործառույթ ունեցողը Հայրապետյանին հրաժարականի ստիպելը չէր ընկալի որպես հասարակությանն ուղղված բարեգործություն։ Եվ ամենակարևորը՝ գործառույթ ունեցողն իրեն չէր շրջապատի Հայրապետյանով, Բեգլարյան Գագոյով կամ Ալեքսանյան Սամվելով։ Որովհետև երկիրն այնպիսի բան է, որ մի օր վճարում է կեղծիքների դիմաց։ Եվ միայն իր գործառույթները չգիտակցողը կարող է մտածել, որ եթե հզոր արտագաղթից Հայաստանի Հանրապետության սահմաննները չեն փոխվում, ուրեմն ոչինչ կորած չէ։

Մեկնաբանել