Սաակաշվիլին տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքացիական հիվանդանոց։ Սաակաշվիլին այժմ կրում է վեց տարվա ազատազրկում՝ 2004-2013 թթ․ իր նախագահության ընթացքում իշխանության չարաշահման համար, և դատարանի առջև է կանգնած երեք նմանատիպ քրեական գործերով:

Սաակաշվիլին հինգշաբթի իր տեղափոխությունից առաջ պահանջել է, որ իր ընտանիքի անդամները, անձնական բժիշկը և խոշտանգումների դեմ պայքարող Empathy կազմակերպության բժիշկները մշտական մատչում ունենան իրեն: Մայիսի 6-ին Empathy-ն նախազգուշացրել է, որ Սաակաշվիլին կարող է մահանալ կամ անդառնալի ճանաչողական խանգարումներ ունենալ, եթե նրա ներկայիս վիճակից զարգանա Կորսակոֆի համախտանիշ՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա, որը թիամինի անբավարարությունից կյանքին սպառնացող նյարդաբանական վիճակ է։

Խումբը կոչ էր արել նախկին նախագահին տեղափոխել բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որտեղ նա կարող էր «պատշաճ հետազոտվել և բուժվել»:

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի առողջապահական փորձագետների թիմը, որը հետևում է Սաակաշվիլիի վիճակին, ավելի վաղ հնչեցրել էր նմանատիպ առաջարկ և զգուշացրել նրա վիճակի «անդառնալի հետևանքների» մասին:

Ապրիլի 27-ին խումբը հաստատել է, որ թեև Սաակաշվիլին այլևս հացադուլի մեջ չէ, նրա առողջական վիճակը շարունակում է վատթարանալ անորեքսիայի հետևանքով սպիտակուցային սովի պատճառով: Նրանք հայտնել են, որ Սաակաշվիլին նաև տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ և դեպրեսիայով:

Ի սկզբանե իշխող կուսակցության առաջնորդները, հատկապես «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, ծաղրանքով էին վերաբերվում նրա առողջության մասին տագնապալի լուրերին:

«Նա պետք է կաթնաշոռ և ձու ուտի, և ամեն ինչ կանցնի»,- մայիսի 2-ին հայտարարել էր Կոբախիձեն: «Նա ի վիճակի էր նախագահ լինել՝ միաժամանակ մտավոր խնդիրներ ունենալով։ Կարծում եմ, որ նրան հիմա էլ կհաջողվի բանտարկյալ լինել»,- երկու օր անց ավելացրել էր Կոբախիձեն։

Մայիսին Սաակաշվիլիի ընտանիքի անդամները փորձել են ակտիվացնել արշավը, որը կոչ էր անում բուժել նրան Վրաստանից դուրս, սակայն հայտարարված համազգային բողոքի շարժումը չկարողացավ թափ հավաքել:

Սկզբում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հարձակողական ոճով արձագանքեց հանրային պաշտպանին՝ ասելով, որ քրեակատարողական ծառայությունը «որոշ հարցեր ունի» բժիշկների զեկույցների վերաբերյալ։ Մայիսի 10-ին նախարարը փոխեց տոնը և առաջ քաշեց Սաակաշվիլիին Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն տեղափոխելու գաղափարը: Անցյալ նոյեմբերին ավարտված 50-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին կրկին հացադուլ էր հայտարարել փետրվարի 23-ին՝ այն դադարեցնելով 15 օր անց:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել