Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Արարատ Միրզոյանն այսօր նաև երկկողմ հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո երկրների արտաքին գործերի նախարարները երկու հեռախոսազրույց են ունեցել։