Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի և փոխարտգործնախարարի հետ քննարկել է ապաշրջափակման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին։

«Բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքը: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք»,- նշել Նիկոլ Փաշինյանը։

Ալեքսեյ Օվերչուկն ասել է ամբողջությամբ կիսում է Փաշինյանի գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում․ «Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք»:

Մեկնաբանել