Աշխարհը ականատեսն է ահաբեկչության, որին չեչենները քաջածանոթ են

Կառավարության շենքը Գրոզնիում, Չեչնիա, 1995 թ.։ Միխայիլ Եվստաֆիևի լուսանկարից:

Անզոր Մասխադով, OC Media

Չեչնիայի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմները վերջինիս՝ Ուկրաինա ներխուժման ուղեցույց ծառայեցին, պնդում է Անզոր Մասխադովը՝ Չեչնական առաջին պատերազմի վետերան և Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության երրորդ նախագահ Ասլան Մասխադովի որդին:

Վստահ եմ՝ շատերը չէին կարող պատկերացնել, որ Ռուսաստանը կներխուժի իր հարևան երկիր ու կփորձի տապալել այդ երկրի կառավարությունը։ Ոմանք նույնիսկ այնքան հեռուն են գնում, որ ներխուժման մեջ մեղադրում են հարձակման զոհին:

Այս պատասխանները կասկածի տակ են դնում պատմության նկատմամբ հետաքրքրության պակասը, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն եղել է նախկինում: Ռուսաստանի պատմությունը պատերազմների, բռնի տեղահանությունների և այլ ժողովուրդների՝ առավել հաճախ հարևանների արյունը թափելու պատմություն է։

Միջազգային հանրությունն այս անգամ վերջապես ճիշտ դիրքորոշում է որդեգրել և ոտքի կանգնել վարչակարգի ագրեսիայի դեմ։

Չարին պետք է կանգնեցնել՝ որքան շուտ, այնքան լավ

Երեսուն տարի շարունակ, նույնիսկ ամբողջատիրական օկուպացիայի տակ գտնվելով, իմ ժողովուրդը՝ չեչեն ժողովուրդը, փորձում է դա հասցնել աշխարհին։ Եվ դա միայն երկու պատերազմներից հետո, որոնց ընթացքում Ռուսաստանը, չեչեն ժողովրդին կպցնելով «իսլամական ահաբեկչության» պիտակը, սանձազերծեց իր սեփական շատ ավելի սարսափելի ահաբեկչությունը: Երկու պատերազմների և յոթ տարվա մարտերի ընթացքում ռուս զավթիչները սպանեցին 300 000 խաղաղ բնակիչների՝ մի երկրում, որի բնակչությունը կազմում էր ընդամենը 1 միլիոն մարդ:

Չնայած այս սարսափին, աշխարհի կողմից գրեթե ոչ մի արձագանք չեղավ։

Անգործությունը, վախը և դրա կանխման համար որևէ բան չձեռնարկելը ծնել են այս ահաբեկչության տարածումը, որի գինը հիմա վճարում է Ուկրաինան:

«Ես ուզում եմ հեռանալ ամեն ինչից»

1992-ին մեր ընտանիքը Լիտվայից վերադարձավ Չեչնիա։ Հայրս չցանկացավ ծառայել խորհրդային բանակում, որը Վրաստանում, Ադրբեջանում և Լիտվայում սկսել էր սպանել խաղաղ բնակիչներին։

Մենք Վիլնյուսում էինք 1991-ի հունվարի 11-13-ի արյունալի իրադարձությունների ժամանակ, երբ ռուսական էլիտար ստորաբաժանումները թափեցին անկախության համար բողոքի դուրս եկած լիտվացիների արյունը:

Հիշում եմ, որ հայրս հրաժարվեց Վիլնյուսի հեռուստաաշտարակի վրա հարձակմանը մասնակցելու իր ռազմական ղեկավարության հրամանից։ Նա այսպես ասաց․ «Հրետանավորների այս միջոցառումներին մասնակցելը կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում արյունահեղության։ Ես սովորել եմ պայքարել ագրեսորի, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ»։

Հենց այդ ժամանակ էլ նա հեռացավ խորհրդային բանակից։

«Ես ուզում եմ գնալ իմ հայրենիք, ուզում եմ իմ սեփական տունը, փոքրիկ այգին, ուզում եմ աշխատել հողի վրա, ինչպես հայրս»։ Հիշում եմ հորս՝ ընկերոջն ուղղված խոսքերը մինչ Գրոզնի հասնելը. «Ես ուզում եմ հեռանալ ամեն ինչից»։

Սա երկար տարիներ մեր ընտանիքի երազանքն է եղել, և 1991-ին, երբ Չեչնիան հռչակեց իր անկախությունը՝ որպես Իչկերիայի Հանրապետություն, մենք մտածեցինք, որ այն իրականանալու է: Բայց շուտով ռուսները ներխուժեցին մեր հայրենի հողը։ Մենք ստիպված բարձրացանք լեռներ՝ մեր երկիրը պաշտպանելու համար։

Բարբարոսություն

1994-ին՝ Չեչենական առաջին պատերազմի սկզբում, երբ անգամ ռուսական ինքնաթիռները սկսել էին հրթիռներ արձակել և ռմբակոծել մեր քաղաքներն ու գյուղերը, մարդիկ չէին գիտակցում, որ սա «իսկական պատերազմ» է: Մենք մտածում էինք, հույս ունեինք, որ աշխարհը կկանգնի մեր կողքին, և որ ամեն ինչ կդադարի:

Բայց դա տեղի չունեցավ։ Մենք միայնակ մնացինք Ռուսաստանի բարբարոսության դեմ։

Պատերազմի ողջ ընթացքում մենք պետք է կռվեինք մեր ձեռքի տակ եղած ռեսուրսներով ու զենքերով, ստիպված էինք դրանք ձեռք բերել մարտում կամ գնել օկուպացիոն բանակի զինվորներից։ Պատկերացրեք՝ կիրառում եք փոքր տրամաչափի զենքեր մի բանակի դեմ, որն ունի տանկեր, ուղղաթիռներ և հրետանի։

Նման միակողմանի պատերազմի դաժանությունը դժվար է նկարագրել։

1995-ի հունվարի 3-ին ռուսական ավիացիան կասետային զինամթերք նետեց Շալի քաղաքի շուկաներից մեկի վրա: Այս հարձակումը տեղի ունեցավ մայրաքաղաք Գրոզնիի վրա ռուսական անհաջող հարձակումից անմիջապես հետո: Նրանք մեկ գիշերում կորցրել էին մոտ 300 տանկ և հազարից ավելի զինվոր ու սպա։

Ես քաղաքում էի՝ մեր հրամանատարներից մեկի դին փնտրելու։

Ամենուր, ուր նայում էի, տեսնում էր բեկորներով պատված այրվող մեքենաներ և տասնյակ սպանված և վիրավորված տեղացիներ: Այդ նախճիրի մեջ կանգնած էին մեր տառապյալ հայրենակիցները՝ չիմանալով ինչ անել։ Նրանք անօգնական էին երկնքում սավառնող ինքնաթիռների առաջ, որոնք միշտ նոր թիրախներ էին փնտրում:

Չեչնիայում մենք չունեինք հակաօդային պատշաճ պաշտպանության և ոչ մի տարբերակ․․․ բացի անօգուտ փոքր զենքերից կրակելուց։ Պատկերացրեք չեչենի, որը կանգնում է ամբողջ հասակով և ատրճանակից կրակում է երկինք:

Տեսնելով իրենց անպատժելիությունը՝ ռուս զավթիչները շարունակեցին ցեղասպանություն իրականացնել մեր հանրապետության քաղաքացիների նկատմամբ, թեև նրանք չէին սահմանափակվում միայն չեչենների սպանությամբ։ Ո՛չ, նրանք սպանում էին բոլորին, անկախ կրոնից կամ ազգային պատկանելությունից: Եղել են դեպքեր, երբ ներխուժելով տներ՝ ռուս զինվորները հայտնաբերել են, որ բնակիչները ռուսներ են, և կրակել են նրանց՝ մեղադրելով դավաճանության մեջ։

Մարտում ձախողվելուց հետո, չնայած իրենց տեխնոլոգիական առավելություններին, ռուս զավթիչները սկսեցին իրենց զայրույթը թափել խաղաղ բնակչության վրա։

Նրանք նույնն անում են այսօր Ուկրաինայում։

Միայն մեկ օրինակ. 1995-ի ապրիլին ռուս զավթիչները մտան Սամաշկի գյուղ։ Ըստ մի վարկածի՝ զինվորները սկսել են սանրել փողոցները՝ այրելով տները «Շմել» բոցավառիչներով և նռնակներ նետելով նկուղները։ Նրանք բազմաթիվ խաղաղ բնակիչների են սպանել։

Երկրորդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի դաժանությունը միայն աճեց. դեռահաս գերիները սպանվեցին՝ սոված շների մոտ նետվելով, կանայք գնդակահարվեցին՝ փորձելով պաշտպանել գյուղի երեցին բռնությունից, գերիներին պայթեցրին դինամիտով:

Կարևոր է նաև նշել, որ ռուս զինվորը ոչ միայն մարդասպան է, այլև կողոպտիչ։ Երկու պատերազմների ժամանակ էլ զավթիչների մուտք գործած յուրաքանչյուր բնակավայր թալանվել է։

Փոքրիկ հաղթական պատերազմ

Առաջին պատերազմը կոչված էր լինել «փոքր հաղթական պատերազմ» Կրեմլի համար: Նրանք կարծում էին, որ երկու դեսանտային գնդերով ամեն ինչ կորոշեն, ինչպես խոստացել էր այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։ Ինչպես տեսանք Կիևի մերձակայքում գտնվող Հոսթոմել օդանավակայանի վրա ռուսական հատուկ ջոկատայինների անհաջող հարձակման ժամանակ, նրանք քիչ բան են սովորել վերջին տարիներին:

Այս ոչ այնքան փոքր պատերազմները պարզապես Կրեմլի քաղաքական գործիչների ինքնաբավարարման և ներքին քարոզչության համար չեն, դրանք նախատեսված են նաև Ռուսաստանից դուրս հանդիսատեսի համար՝ որպես ահաբեկում: Չեչնիայի պատերազմները, ինչպես այժմ Ուկրաինայի դեմ պատերազմը, կոչված են ասելու Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում բոլորին․ «Եթե դիմադրեք, ձեզ հետ էլ նույնը կանենք»:

Ես պատերազմների կողմնակից չեմ և միշտ կողմ եմ եղել աշխարհում խաղաղությանը։ Մենք՝ չեչեններս, չենք սկսել պատերազմը, ընդհակառակը, մեր ղեկավարները միշտ կոչ են արել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Նրանք նույնիսկ կոչ են արել ուղարկել միջազգային անկախ հանձնաժողով՝ պարզելու, թե ով է մեղավոր առաջին պատերազմը սկսելու համար, ով է մեղավոր՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Այսօր ես նույն բանն եմ տեսնում Ուկրաինայում։

Հենց այսպես Ռուսաստանն սկսեց ներխուժումը մեր տարածք. սկզբում փորձեցին պառակտել ժողովրդին, զորք բերեցին մեր սահմաններին, պատերազմ սկսեցին, հետո սկսվեցին «մաքրման» սարսափելի գործողություններ, ապա խամաճիկ ընտրեցին՝ իշխելու համար։

Հասկանալի է, որ Ուկրաինայի համար ևս դա էր նրանց ծրագիրը։

Ինչ վերաբերում է ռուսական քարոզչությանը, այն նույնպես գրեթե չի տարբերվում: Չի կարելի վստահել ռուսական լրատվամիջոցներին և տեղեկատվությունը նրանցից ստացողների որևէ խոսքի։ Օրինակ՝ 1999-ի հոկտեմբերի 21-ին ռուսական զորքերը ցամաք-ցամաք (Земля-земля) հրթիռներով հարվածեցին Գրոզնիի կենտրոնական շուկայի, ծննդատան և մզկիթի վրա: Այս հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին։ Ռուսական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները նույն օրը հայտարարեցին, որ «չեչեն գրոհայիններն» են պատասխանատու կոտորածի համար, որ հենց իրենք են կիրառել պայթուցիկները, որպեսզի մեղադրեն Ռուսաստանին։

Ես կարծում եմ, որ եթե այն ժամանակ միջազգային հանրությունը զենքով օգներ Իչկերիայի ղեկավարությանը, տարիներ անց, ռուս զավթիչները չէին կռվի վրացիների և ուկրաինացիների դեմ։

Սա պե՞տք է ռուս ժողովրդին։

1999-ին Ռուսաստանի անվտանգության ծառայությունները ռումբեր պայթեցրին Մոսկվայի մերձակայքում գտնվող չորս բնակելի շենքերում: Մահացան ռուսաստանցիներ, իսկ կառավարությունը չեչեններին մեղադրեց այդ հարձակումների մեջ և սկսեց նոր պատերազմ։

Ռուսաստանում մարդիկ պետք է հասկանան, որ Պուտինը ոչ մի լավ բան չի բերի ռուս ժողովրդին։ Ի՞նչ լավ բան է արվել Պուտինի իշխանության օրոք։ Օլիգարխներն ավելի շատ են, քան գործարաններն ու արտադրամասերը։ Պուտինը բազմաթիվ խոստումներ է տվել, բայց դրանցից ոչ մեկը չի կատարել։ Նա բոլոր հնարավոր միջոցներով փորձում է Ռուսաստանի վերջը տալ։

Նա այն թշնամին է, որին բախվել են չեչենները, վրացիներն ու ուկրաինացիները։ Բայց այս չարիքը չի վերանա, քանի դեռ մենք բոլորս միասին չենք վերացրել այն: Սրանում պետք է շահագրգռված լինեն հենց ռուսաստանցիները, եթե ցանկանում են ավելի լավ ապագա ունենալ։ Պուտինին չի հաջողվի ծնկի բերել Ուկրաինան, բայց, միևնույն է, վստահ եմ, որ նա արդեն պատրաստվում է նոր տարածքներ ներխուժել։

Ռուսաստանը այս ահաբեկչությունն իրականացնում է արդեն երեք տասնամյակ, և այն բարբարոսությունը, որի ականատեսն ենք Ուկրաինայում․․․ ոչ ոք չի կարող ասել, որ տեղյակ չի եղել։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրի՝ իրենք մարդասպանների հետ են, թե նրանց դեմ։

Հեղինակի մասին

Անզոր Մասխադովը Իչկերիայի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչն է և հաղորդակցության գծով տնօրենը իր հոր՝ Ասլան Մասխադովի օրոք: Ապրելով տարագրության մեջ՝ Անզորը շարունակում է պաշտպանել չեչեն ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Մեկնաբանել