Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Փելեշյանը 2016-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով ընտրվել էր Վանաձորի ավագանու անդամ։ «Հայկական վերածնունդը» «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ ստորագրել էր համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էր Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Ստորագրված հուշագիրը, սակայն, կյանքի չէր կոչվել և Վանաձորի քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը։
2017-ին Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը ընտրվել էր քաղաքապետի առաջին տեղակալ:
***
2021-ի դեկտեմբերի 17-ից Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ կրկին ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (ավագանու մանդատների 45 %): Սակայն, մինչ օրս նորընտիր ավագանու նիստ չի կայացել և Ասլանյանը ավագանու կողմից չի վերընտրվել քաղաքապետի պաշտոնում՝ կալանավորված լինելու պատճառով։
2022-ի մայիսի 6-ին իշխանական պատգամավորները «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ են կատարել, որով վարչապետին հնարավորություն է տրվում որոշակի իրավիճակներում համայնքապետի պաշտոնակատար նշանակել։
«Ֆորսմաժորային իրավիճակներում, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, համայնքի բնականոն կառավարումը շարունակվելու նպատակով վարչապետը հնարավորություն ունենա պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին»,- ասել է նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը։