Կալանավորված գործիչ Ավետիք Չալաբյանը հայտարարություն է տարածել

Անազատության մեջ գտնվող «ԱՐԱՐ» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի´ բարեկամներ, շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:

Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»,- ասված է հայտարարությունում։

***

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին՝ գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու գործով։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կոմիտեն քննությամբ պարզել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 000 000 ՀՀ դրամ գումար:

Մեկնաբանել