ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես ակնկալում էինք. Փաշինյանը՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:

«Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին, նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:

«Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը:

Վարչապետը խոսել է նաև ադրբեջանական զորքերի Հայաստան ներխուժման, 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ արձագանքի մասին։

«Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է:

Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանին և հայ ժողովրդին, բայց ուզում եմ ընդգծել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին: Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարևոր և լավ է, բայց Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»,- եզրափակել է Փաշինյանը:

Մեկնաբանել