Սեռափոխման օրինագիծ չկա. հերքում են բոլորը

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

Ընդդիմադիր «Դիմադրության շարժման» մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը հայտարարել է, թե իբր օրենքի նախագիծ է մշակվել, որով թույլատրվելու է նույնասեռ ամուսնությունները, ինչպես նաև սեռափոխություն անելը։

«Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ՝ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնանան, և դա գրանցվելու է պետականորեն՝ գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը դրա վիրահատության համար տալու է 25 000 դոլար՝ որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդն այդ դեղերը ընդունի և ստանա 2 միլիոն դրամ դրա համար»,- ասել է Սրապիոնյանը։

Սրապիոնյանը Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ է և 2013-2018 թթ. եղել է սփյուռքի փոխնախարար։ Սրապիոնյանի խոսքերը տարածել են hraparak.am, mamul.am, zham.am, oragir.news կայքերը։

Որտեղի՞ց նման տեղեկություն

Պատրաստվող օրենքի նախագծի մասին լուրի սկզբնաղբյուրը Yerevan Today-ն էր, որը մայիսի 11-ին «Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով» վերնագրով նյութ էր հրապարակել։ Ըստ լրատվականի՝ դեռ փետրվար-մարտ ամիսներից արդարադատության և առողջապահության նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ «պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ, ավելին՝ նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»։

Երկու օր անց armdaily.am կայքը հրապարակեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հետ հարցազրույց, որում վերջինս պնդում է, թե իր ունեցած տեղեկություններով, սեռափոխության վիրահատության համար յուրաքանչյուր անձի կտրվի 25 000 դոլար, իսկ հորմոնալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար՝ 2,5 միլիոն դրամ։

Հերքումներ

Դեռ մայիսի 12-ին առողջապահության նախարարությունը հերքեց Yerevan Today լրատվականի պնդումները՝ այն բնութագրելով որպես սուտ։

«Նման թեմա չի քննարկվել և չի քննարկվում: Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցից պահանջում է ապատեղեկատվություն չտարածել և ՀՀ քաղաքացիներին շփոթության մեջ չգցել»,- ասվում էր նախարարության հաղորդագրությունում։

Տեղեկությունը #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց նաև արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը։ «Դա բացարձակ սուտ է»,- ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից ևս հերքեցին այս տեղեկությունը։ «ՄԻՊ գրասենյակը տեղյակ չէ և ներգրավված չէ նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը»,- հայտնեցին ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնից։

***

Մարինա Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ իրականությանը չհամապատասխանող և դավադրության տեսությունների ժանրի տեղեկություններ է տարածում։ Կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբում նա պնդում էր, թե վարակի առաջացման պատճառը 5G ցանցերն են։ Այնուհետև նա պնդում էր, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ազդելու է սեռականության վրա և այլն։

Մեկնաբանել