Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

ՌԴ նախագահը իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաճափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ մեկ ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իր առաջին պաշտոնական այցից, բայց «երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել»:

«Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր»,- նշել է վարչապետը։

Մեկնաբանել