Միրզոյանը Բրյուսելում կքննարկի վիզաների ազատականացման հեռանկարները

Մայիսի 17-18-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ անցկացվելու է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը, հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Հունանյանի՝ կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանել