Դուշանբեում «խաղաղության պայմանագիրը» դարձավ «հարաբերությունների կարգավորման պայմանագիր»

Տիգրան Գրիգորյան

Մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո հրապարակվեց արտգործանախարների ողջույնի խոսքը, ինչպես նաև երեք երկրների ԱԳՆ-ների հաղորդագրությունները հանդիպման վերաբերյալ, որոնց մեջ տերմինաբանության հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել:

Մինչև հանդիպման արդյունքում հրապարակված տեքստերի վերուծությանը անցնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացումների ֆոնին է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումը և ինչ նպատակներ էր այն հետապնդում:

Եռակողմ այս հանդիպումը բնականաբար տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի պատաճառով Մոսկվան վերջին ամիսների ընթացքում զգալիորեն պասիվացրել էր իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական համատեքստում: Ռուսաստանի պասիվությունը այս ընթացքում փորձում էր օգտագործել Եվրամիությունը, որը վերջին շրջանում ստանձնել էր հայ-ադրբեջանական համատեքստում գլխավոր միջնորդի դերը և լուրջ նախաձեռնողականությունն էր ցուցաբերում:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման ու խաղաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ արտգործնախարարներին տրված հանձարարականի մասին է:

Ռուսաստանում ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված այս պայմանավորվածություններին անթաքույց խանդով են վերաբերվում: Մոսկվան, օրինակ, պարբերաբար հայտարարում է, որ սահմանազատման ու սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Մոսկվան Եվրամիությանը մեղադրում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի արդյունքների սեփականաշնորհման փորձի մեջ:

Այդ առումով Դուշանբեի եռակողմ հանդիպումը կարևոր էր Ռուսաստանի համար առաջին հերթին իմիջային տեսանկյունից: Մոսկվան փորձում է ցույց տալ, որ նույնիսկ Ուկրաինայում ընթացող ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին կարողանում է ձեռքը զարկերակի վրա պահել նաև հայ-ադրբեջանական համատեքստում: Մոտ ապագայում հայ-ադրբեջանական տարբեր գործընթացներում որևէ առաջընթացի դեպքում Ռուսաստանը կարող է ցույց տալ, որ ակտիվ դեր է ունեցել դրանում: Խոսքը, մասնավորապես, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է: Ի դեպ, Դուշանբեի հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, ինչպես 2021-ի Սոչիի հայտարարության մեջ, շեշտվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի է ունենալու Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

Այնուամենայնիվ, Դուշանբեի հանդիպման ամենահետաքրքրական պահը կապված էր Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների կողմից օգտագործված տերմինաբանության հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ողջույնի խոսքում, ի շարս այլ խնդիրների, նշեց Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորության մասին:

Հարաբերությունների կարգավորման մասին խոսեց նաև Արարատ Միրզոյանը: Նա իր խոսքում ի սկզբանե օգտագործեց «խաղաղության պայմանագիր» եզրույթը, սակայն անմիջապես ինքն իրեն շտկեց՝ նշելով, որ երևի ճիշտ է օգտագործել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում» եզրույթը:

Այս եզրույթը տեղ է գտել ինչպես ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած վերոնշյալ հայտարարության մեջ, այնպես էլ հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունում: Ուշագրավ է, որ հարաբերությունների կարգավորման մասին նշված է նաև հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, սակայն ադրբեջանական տեքստում հստակեցված է, թե կոնկրետ ինչ է ենթադրում հարաբերությունների կարգավորումը՝ սահմանազատման գործընթացի մեկնարկ, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում և խաղաղության պայմանագիր:

Ռուսական պատկերացումներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է միայն ապաշրջափակման ու սահմանազատման գործընթացներ: Այսինքն, Մոսկվան հստակ տարանջատում է մտցնում այս երկու գործընթացների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի կանխորոշման գործընթացի միջև: Հայաստանի կողմից «խաղաղության պայմանագիր» եզրույթի փոխարինումը «հարաբերությունների կարգավորմամբ» ևս մեկ ցուցիչ է, որ ապրիլին Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի մոտեցումների մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Մոսկվայում Փաշինյանին ամենայն հավանականությամբ հորդորել են զերծ մնալ այդ հարցում հապճեպ քայլերից:

Մեկնաբանել