Հայկ Հովհաննիսյան, CivilNetCheck
Մայիսի 16-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հետ փոխկապակցված Yerkir.am լրատվական կայքը գրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Լրատվամիջոցն այս պնդումը արել էր՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը, որը թվարկել էր նախատեսվող երկկողմ հանդիպումները և չէր նշել Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասին։
Նույնանման հրապարակումներ են արել ավելի քան մեկ տասնյակ լրատվական կայքեր՝ Mamul.am, Ipress.am, Hayeli.am, Kentron.am, Artsakh.news, Auroranews.am: Նույնանման հրապարակումներ եղան նաև ադրբեջանական կայքերում։
Ավելի ուշ՝ 19:30-ի սահմաններում, Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ Պուտին-Փաշինյան հանդիպում «չլինելուն»՝ վերլուծելով և ներկայացնելով դա որպես հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ։
Շարմազանովի գրառումն արտատպեցին մեծ լսարան ունեցող News.am, 168.am, 5tv.am, Lurer.com, Aysor.am, 24news.am լրատվական կայքերը։
Ավելի ուշ տարածվեց տեղադրվեց տեսանյութ և հաղորդագրություն, որից պարզ դարձավ, որ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին ոչ միայն գագաթնաժողովի ժամանակ, այլ նաև առանձին երկկողմ հանդիպման շրջանակում։ Այս մասին հաղորդագրություններ կան ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում։
Ըստ ռուսական աղբյուրների՝ Պեսկովը իրոք լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե որ երկների ղեկավարների հետ է պլանավորված երկկողմ հանդիպումներ, սակայն Փաշինյանի մասին չէր նշել։
Սակայն փաստացի տեղի ունեցած հանդիպումից հետո էլ հայկական լրատվականները սխալ տեղեկություն պարունակող նյութը չեն փոփոխել, թարմացրել։ Իսկ Շարմազանովն իր գրառման մեջ չի նշել, որ հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։
Լրացում․ Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին Auroranews.am-ից և խնդրեցին հեռացնել իրենց անունը, քանի որ իրենց հրապարակման վերնագրում «Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի՞ Փաշինյանից․ ինչ է ասել Պեսկովը» հարցադրում է արվում, ոչ թե պնդում։