Խծաբերդում գումարտակի հրամանատարը պաշտպանության անցնելու փոխարեն նահանջի հրաման է տվել

Դատախազությունը մանրամասներ է հատնել 2020-ի դեկտեմբերի 13-ին Խծաբերդում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատարը շրջանաձև պաշտպանության անցնելու փոխարեն նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

«Հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը: Սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, գումարտակի հրամանատարը զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ․ «Հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ»։

Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Մեկնաբանել