«Ամնեսթի Ինթերնեշնլն» ընդգծում է Ղարաբաղյան հակամարտությունում տարեցների մարտահրավերները

Մարկ Դովիչ

Մայիսի 17-ին «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած երկու զեկույցներն ընդգծում են, որ Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունը հատկապես ծանր հետևանքներ է ունեցել տարեց մարդկանց համար՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի:

«Ղարաբաղյան հակամարտությունն ընդգծում է այն յուրօրինակ ռիսկերը, որոնց առերեսվում են տարեց մարդիկ զինված հակամարտությունների ժամանակ։ Հաճախ լքելով իրենց տները՝ նրանք տասնամյակներ շարունակ տառապում են նաև պատերազմի հետևանքներից»,- ասում է «Ամնեսթի Ինթերնեշնլի» հետազոտող Լաուրա Միլսը։

«Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տարեցները դժվարությամբ են իրենց կյանքը վերստին կառուցում, սակայն նրանց անկախության և արժանապատվության կորստին վերաբերվում են որպես անխուսափելի կամ անէական»,- ավելացնում է նա:

Երբ սկսվեց 2020-ի Ղարաբաղյան պատերազմը, Ղարաբաղում և շրջաններում ապրող տարեց հայերը հակված էին մնալ իրենց տներում՝ հաճախ ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների, ինչպես նաև իրենց համայնքների հետ ունեցած ուժեղ կապի պատճառով:

Արդյունքում, նրանք անհամաչափ խոցելի դարձան բռնության նկատմամբ։ Ընդ որում, «Ամնեսթի Ինթերնեշնլը» եզրակացրել է, որ «էթնիկ հայերի կողմից քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կեսից ավելին եղել է տարեց մարդկանց շրջանում»:

Պատերազմում սպանված տարեց հայերից ոմանք մահից առաջ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների, իսկ մահից հետո նրանց մարմինները խեղվել են, ասվում է զեկույցում, որը ներառում է հարցազրույցներ 69 տարեց հայերի և նրանց հարազատների հետ: Հարցազրույցներն անցկացվել են անցյալ նոյեմբերին։

«Հատկապես թիրախավորվել են տարեց տղամարդիկ, քանի որ ադրբեջանցի զինվորները պնում էին, թե նրանք մասնակցել են 1990-ականների ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմին»,- նշում է «Ամնեսթի Ինթերնեշնլը»:

Ադրբեջանի դեպքում, 1990-ականներին Ղարաբաղից և հարակից յոթ շրջաններից վտարված ավելի քան 500 000 մարդկանց առջև ծառացած մարտահրավերները է՛լ ավելի սուր են տարեցների համար, գտնում է կազմակերպությունը:

Թեև տեղահանված ադրբեջանցիներից շատերը բախվել են անբավարար և փոքր բնակարանների, ծայրահեղ աղքատության և բարձր գործազրկության հետ, այդ խնդիրներն ավելի սուր են ավագ սերնդի համար, որը հաճախ ֆիզիկական տեղաշարժի խնդիրներ ունի և աշխատաշուկայում բախվում է արմատացած տարիքային խտրականության հետ:

Ըստ «Ամնեսթի Ինթերնեշնլի», որը զեկույցը պատրաստելու նպատակով անցյալ նոյեմբերին հարցազրույց է անցկացրել 40 տարեց ադրբեջանցիների հետ, վերջիններս նույնպես ավելի հավանական է, որ ցանկություն հայտնեն վերադառնալու Ղարաբաղում և հարակից շրջաններում իրենց նախկին տները՝ ունենալով ավելի խոր կապվածություն տարածաշրջանի հետ, քան երիտասարդ սերունդը։

Տարածաշրջան վերադառնալու այդ ցանկությունը տարեց ադրբեջանցիներին հատկապես խոցելի է դարձնում այն պատնեշների առջև,- մասնավորապես, ականներ և խարխուլ ենթակառուցվածքներ,- որոնց բախվում են վերադառնալ ցանկացող բոլոր տեղահանված ադրբեջանցիները։

Ղարաբաղյան հակամարտությունում տարեց հայերի և ադրբեջանցիների առջև ծառացած խնդիրների խորը ուսումնասիրությունից հետո «Ամնեսթի Ինթերնեշնլը» առաջարկությունների երկար ցուցակ է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների» և Ռուսաստանի, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համար։

Կազմակերպությունը հորդորել է Երևանին և Ստեփանակերտին՝ առաջնահերթություն տալ տարեցների պաշտպանությանը Ղարաբաղին առնչվող բոլոր հարցերում՝ բնակարանից մինչև սննդի անվտանգություն և առողջապահություն, և ներգրավել նրանց վերակառուցման և խաղաղության հաստատման ջանքերում:

Նմանապես, այն կոչ է արել Բաքվին ապահովել տարեց տեղահանված մարդկանց բնակարանի, սննդի և աշխատանքի հնարավորությունները, ինչպես նաև իրենց տներ ապահով և արժանապատիվ վերադառնալու հնարավորությունը:

Բացի այդ, «Ամնեսթի Ինթերնեշնլը» կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լիովին հարգել միջազգային իրավունքը, թույլ տալ անկախ և անաչառ հետաքննություն իրականացնել ենթադրյալ ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի այլ խախտումների վերաբերյալ և փոխհատուցել նման խախտումների բոլոր զոհերին:

Երկու կառավարությունները նաև պետք է ստորագրեն Օտտավայի պայմանագիրը՝ ՄԱԿ-ի համաձայնագիր, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը:

Մինչդեռ Ռուսաստանը պետք է թույլ տա «լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին և մարդասիրական կազմակերպություններին լիարժեք և անկաշկանդ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղում և շրջաններում իրավիճակի մասին զեկուցելիս և մշտադիտարկելիս ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպությունները պետք է հաշվի առնեն տարեց մարդկանց փորձառությունն ու խնդիրները, ասված է զեկույցում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել