Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում «խիստ է տրամադրված»․ Factor.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկու շաբաթից ավելի փողոցային պայքար ծավալող և ԱԺ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում «խիստ է տրամադրված»։

«Ըստ օրենքի, նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ այդ հարցը դիտարկել, հարցը խորհրդի նիստին քննարկման դնել և դրանից հետո միայն գործընթաց սկսել»,- նշել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և ևս մի քանի պատգամավորներ «անթույլատրելի չափով բացակայել են»։

«Մենք կքննարկենք, արդյոք դա կարելի է հարգելի համարել, թե ոչ։ Եվ դրանից հետո որոշում կկայացվի։ Վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ պե՞տք է նշված պատգամավորները զրկվեն մանդատից, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Ես խիստ եմ տրամադրված։ Բայց կրկնում եմ, չեմ ուզում իմ կարծիքով ինչ-որ ձևով կանխորոշել։ Ես անձամբ շատ խիստ եմ տրամադրված»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։