Մի խումբ անձինք մտել են զորամաս, հայհոյել և հարվածել են հրամանատարի տեղակալին․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ։

«Մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին»,- ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը։ Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել․ «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ»։

Մեկնաբանել