Մետրոյի երթևեկությունը վերականգնվել է

Ժամը 12։04-ի դրությամբ մետրոյի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,- ասված է հայտարարությունում։

***

Այս պահին մետրոյի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

«Հարգելի ուղևորներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Մետրոյի «Երիտասարդական» կայարանում իրականացված անհնազանդության ակցիայի տեսանյութը։