Բաքվում թույլատրվել է հակակառավարական բողոքի ցույցը

Ֆեմինիստ ակտիվիստ Գյուլնարա Մեհդիևան հակակառավարական պաստառով՝ մայիսի 14-ի բողոքի ցույցի ժամանակ: Լուսանկարը՝ Ուլվիյա Գուլիևայի/Ամերիկայի Ձայն

Իսմի Աղաև, OC Media

Հանգստյան օրերին տասնյակ մարդիկ հավաքվել էին Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարակում՝ ի նշան կառավարության քննադատների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների դեմ բողոքի:

Շաբաթ օրվա ցույցը խաղաղ է ընթացել, և չնայած մեծաթիվ ոստիկանների ներկայությանը, իշխանությունները չեն խոչընդոտել ակցիային։ Բողոքի ակցիայի կազմակերպիչներից 26-ը ձերբակալվել են նախքան միջոցառման մեկնարկը և նույն օրը երեկոյան ազատ արձակվել քաղաքի տարբեր մասերում, այդ թվում՝ ծայրամասերում:

Ցուցարարները ի թիվս այլ կարգախոսների վանկարկում էին «Մի՛ սպանեք արդարությունը, դադարեցրե՛ք հանցագործությունը», «Մենք մաֆիոզ պետություն չենք ուզում» և «Մերժի՛ր բռնապետությունը»։ Ոստիկանները նրանց ուղեկցել են Շատրվանների հրապարակից, երթով հասնելով ՆԳՆ շենք՝ թույլ չտալով նրանց լայն տարածք զբաղեցնել:

Երթի վերջում ընթերցված հայտարարության մեջ բողոքի ակցիայի կազմակերպիչները թվարկել են լրագրողների և ժողովրդավարության կողմնակից ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը:

«Թոֆիգ Յաղուբլուին դուրս են բերել ոստիկանական բաժանմունքից և դաժան ծեծի ենթարկել, լրագրող Ավազ Հաֆիզլին սպանվել է առանձնակի դաժանությամբ, Սամիր Աշուրովը և այլ միգրանտներ խոշտանգվել և ձերբակալվել են երկիր արտաքսվելուց հետո, Բախտիյար Հաջիևին առևանգել և նվաստացրել են»։

Ցույցից հետո ՆԳՆ խոսնակ Էլշադ Հաջիևը հայտնել է, որ երթն անցել է առանց միջադեպերի, և որ ոչ ոք չի ձերբակալվել։ «Աբզաս» լրատվական կայքի գլխավոր խմբագիր, բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ուլվի Հասանլին մեջբերել է լրագրող Այթեն Մամեդովայի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը։

«Այթան Մամեդովայի կոկորդին պահված դանակը ադրբեջանական ողջ լրագրության կոկորդին պահված դանակն է։ Անհնար է ունենալ անկախ լրատվամիջոցներ և ազատ լրագրողներ նման սպառնալիքների և ճնշման ներքո»,- ասել է Հասանլին OC Media-ին:

«Մեր պահանջն է բացահայտել լրագրողների և ակտիվիստների դեմ առեղծվածային հանցագործությունները և վերջ դնել պետության և իրավապահ մարմինների կողմից նման միջադեպերին։ Եթե այս հանցագործությունները շարունակվեն, բողոքի ցույցերը կարող են վերսկսվել՝ ավելի լուրջ գործողություններով, որովհետև իրավիճակը նման կերպ չի կարող շարունակվել»։

Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ դեսպանատները հանդես են եկել հավաքների ազատության իրավունքին սատարող հայտարարություններով: Բրիտանական դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ «բռնության մասին բոլոր մեղադրանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն»։

«Խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը և անկախ լրատվամիջոցները ազատ հասարակության հիմնասյուներն են։ Այս իրավունքների պաշտպանությունը կասկածի տակ է դրվում վերջին միջադեպերի պատճառով, ինչպիսիք են մայիսի 14-ին խաղաղ բողոքի ցույցի խափանումը և բռնությունները բլոգերների ու լրագրողների նկատմամբ, ինչպիսիք են Բախտիյար Հաջիևը և Այթան Մամեդովան: Բռնության բոլոր մեղադրանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մահարրամովը խորհրդարանում հայտարարել է․ «Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան փորձերը՝ ստանձնելու «արդարադատության ժանդարմի» առաքելությունը, զարմանալի են և ափսոսանք են առաջացնում»։ Նա հավելել է, որ դեսպանատունը պետք է «ուշադրություն դարձնի վերջին տարիներին բրիտանական ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ բռնություններին»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել