Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են նաև հայաստանյան կինոթատրոնների վրա

Օֆելյա Սիմոնյան

Մարտին ռուս-ուկրաինական պատերազով պայմանավորված՝ հոլիվուդյան մի շարք հեղինակավոր կինոընկերություններ (Walt Disney, Sony, Warner Bros, Pixar, Universal Pictures և այլն) իրար ետևից հայտարարեցին, որ կասեցնում են ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։ Ռուսաստանում կինոթատրոնների աշխատակիցները սկսեցին ահազանգել կառավարությանը, որ պատժամիջոցների հետևանքով կարող են կորցնել նախատեսված եկամտի շուրջ 80%-ը։ Հոլիվուդյան ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակման սահմանափակումը հետևանքներ կարող է ունենալ նաև հայաստանյան կինոթատրոնների վրա։


Հայաստանյան կինոթատրոնները խոսում են հնարավոր ռիսկերի և սպասված պրեմիերաների չեղարկման մասին։ Բանն այն է, որ ՀՀ-ում չկա ֆիլմերի մատակարար (դիստրիբյուտոր), և բոլոր կինոթատրոնները ֆիլմերի ձեռքբերումը կազմակերպում են՝ համագործակցելով մեծամասամբ ռուսական մատակարար ընկերությունների հետ, իսկ ֆիլմերը ցուցադրվում են ռուսերեն հնչյունավորմամաբ։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանն ունի իրացման շատ փոքր շուկա՝ ինքնուրույն մատակարար դառնալու համար։

Ի սկզբանե կինոթատրոնները պատրաստվում էին վատագույն սցենարին՝ սպասված հոլիվուդյան ֆիլմերի չեղարկմանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցներում Երևանի «Մոսկվա» և «Երևան մոլ»-ում գործող «Կինոպարկ» կինոթատրոնների ներկայացուցիչներն այնուամենայնիվ լավատես էին։

Ինչպիսին է իրավիճակը կինոթատրոններում

«Մոսկվա» կինոթատրոնի մարկետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը ասում է, որ պատժամիջոցները Հայաստանի վրա ևս անդրադարձել են․ «Մի քանի ստուդիա արգելեց ֆիլմերի ցուցադրությունը նաև Հայաստանում։ Չեղարկված ամենակարևոր ցուցադրությունը Disney-ի «Կարմրում եմ» մուլտֆիլմինն էր։ Մենք նախապես հայտարարել էինք ցուցադրության մասին ու գովազդային արշավ սկսել»։ Խաչատրյանի խոսքով՝ ամենաքննարկվող մյուս թեման «Բեթմենն» էր, որը Ռուսաստանում չցուցադրվեց, բայց Հայաստան եկավ, քանի որ մատակարար ընկերությունն այս դեպքում ուկրաինական էր։

«Մոսկվա» կինոթատրոնում փոփոխություններ են եղել նաև ֆիլմերի ցուցադրման ժամկետներում․ փոխվել են պրեմիերաների ամսաթվերը։ «Ստիպված էինք հայտարարել, որ ժամկետը փոխվում է, բայց թե երբ կլինի ցուցադրությունը, դեռ պարզ չէ»,- ասում է Խաչատրյանը։

«Մոսկվա» կինոթատրոնի ներկայացուցչի խոսքով՝ վերջին ամիսներին վիճակը փոքր ինչ կայունացել է։ Սպասված պրեմիերաները չցուցադրելու խնդիր առայժմ չկա, կինոթատրոնին կարծես հաջողվել է խուսափել լուրջ ազդեցություններից՝ չնայած արտասահմանյան ֆիլմերի ցուցադրման քանակը, ամեն դեպքում, նվազել է։ Մայիսին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է արտասահմանյան ընդամենը երեք ֆիլմ, որը, Խաչատրյանի խոսքով, չափազանց քիչ է։

«Երևան մոլի» մարկետինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն ասաց, որ ամենառիսկային և լարված շրջանում իրենք միայն մեկ ֆիլմ են բաց թողել, այլ չեղարկումներ չեն եղել․ «Միակ խնդիրն այն էր, որ համաշխարհային մի քանի պրեմիերաներ հետաձգվեցին՝ այն էլ մի քանի օրով միայն։ Բայց չեն եղել լուրջ խնդիրներ, որ, օրինակ, չկարողանանք վարձակալել ֆիլմերը»։ Ըստ Ավագիմյանը՝ իրենք կարողացել են ռուս գործընկերների հետ ճիշտ բանակցություններ վարել։

Ինչ քայլեր է ձեռնարկել պետությունը

Այս ոլորտի պատասխանատու մարմինը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Նախարարության գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանի խոսքով՝ ապրիլի 5-ին իրենք հանդիպել են կինովարձույթի ներկայացուցիչներին և քննարկել խնդիրները։

«Քանի որ կինովարձույթի պայմանագրերը նախապես են կնքվում, այսինքն ոչ թե մեկ ամիս, այլ մեկ տարի առաջ, մեր կինոթատրոնները մինչև աշուն որևէ խնդիր չունեն։ Աշնան կեսից ի՞նչ խնդիր կարող է ծագել, հանդիպման մասնակիցները չէին կարողանում հստակ արձանագրել։ Մենք պայմանավորվեցինք այդ ժամանակ ևս մեկ անգամ հանդիպել՝ հասկանալու՝ առաջացել է որևէ խնդիր, թե ոչ»,- ասում է նախարարության ներկայացուցիչը։

Լուսինե Սարգսյանի խոսքով՝ հանդիպման մասնակիցները վստահ էին, որ խնդիր չի առաջանա, քանի որ միջազգային կազմակերպությունների համար ռուսական շուկան շատ մեծ է, և իրենք արդեն իսկ սկսել են կարգավորման քայլերը։ «Այդ կազմակերպությունները սկսել են դիտարկել ԱՊՀ այլ երկրի հետ համագործակցության տարբերակը։ Այս պահին դեռ չգիտենք՝ որ երկրի հետ, բայց բանակցությունները սկսել են»,- ասում է Սարգսյանը՝ չբացառելով Ղազախստանի կամ Բելառուսի տարբերակը։

Ո՞ր լեզվով են ցուցադրվելու ֆիլմերը

Կինովարձույթում ծագած խնդիրները ակտիվացրել են ֆիլմերի հայերեն թարգմանության և կրկնօրինակման մասին խոսակցությունները։ Եթե ֆիլմերը չեն մտնում ռուսական շուկա, հետևաբար չեն ստանում ռուսերեն հնչյունավորում։ Իսկ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ֆիլմերը շարունակում են ցուցադրվել ոչ թե մայրենի լեզվով, այլ ռուսերենով։ 2021-ին ընդունվեց Կինեմատոգրաֆի մասին նոր օրենք, ըստ որի՝ ֆիլմը կարող է վարձույթի վկայական ստանալ, եթե ունի հայերեն կրկնօրինակում կամ ենթագրեր։ Օրենքի այս կետն ուժի մեջ կմտնի 2030-ին։


Կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը մեզ հետ զրույցում անհեթեթ որակեց ֆիլմերը ռուսերեն հնչյունավորմամբ ցույց տալու երևույթը։

«Շատ արտառոց է, եթե ոչ անհեթեթ, որ Հայաստանում ֆիլմերը մինչ օրս ցուցադրվում են ռուսերեն։ Ճանապարհները երկուսն են՝ կա՛մ ֆիլմերը պետք է ցուցադրվեն ենթագրերով՝ ինչպես ամբողջ աշխարհում, կա՛մ էլ պետք է կրկնօրինակվեն՝ մասամբ կամ լիովին»,- ասաց Բոյաջյանը։

Կինոգետը միֆ է համարում այն, թե հայերեն կրկնօրինակմամբ ֆիլմերը հետաքրքիր չեն հանդիսատեսին։ Նրա կարծիքով՝ թարգմանիչների կամ աշխատանքի կազմակերպիչների ապաշնորհությունը չի կարելի բարդել լեզվի վրա․ «Մենք ունենք հիանալի լեզու՝ ամեն ինչ արտացոլելու, վերարտադրելու ունակ։ Պարզապես կարող ուժեր են պետք՝ լեզուն ինչպես հարկն է գործի դնելու համար»։

Նախարարությունում, սակայն, պնդում են՝ ֆիլմի թարգմանությունը բավական ծախսատար աշխատանք է, գումարը կարող է տատանվել 30-50 հազար դոլարի սահմաններում։ Նման բարձր արժեքը Լուսինե Սարգսյանը բացատրում է նրանով, որ միջազգային կազմակերպությունը պահանջում է միջազգային որակ։ Կինոընկերություններն ունեն պայմանագրային պայմաններ։ Նրանց հետ պետք է համաձայնեցնել յուրաքանչյուր դերասանի ձայնը, դրա համար անհրաժեշտ են տեխնիկական հատուկ պայմաններ։

Մեկնաբանել