Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կխթանի խոսքի ազատությունը Թուրքիայում

Ֆեթհիյե Չեթինը

Երևանում մայիսի 7-ին բացվել է Պոլսի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվում են նրա կյանքն ու պայքարը։ Այն կրում է «Հրանտ Դինք. հոս և հիմա» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակում ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանը զրուցել է թուրք իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինի հետ՝ Դինքի գաղափարների, Թուրքիայում տիրող մթնոլորտի, Քավալայի դեմ դատավճռի մասին։

Տիկին Չեթին, ինչպե՞ս են Թուրքիայում վերաբերվում Հրանտ Դինքի գաղափարներին, նրա թողած ժառանգությանը, նրա մահից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել։

Հրանտի մահից առաջ նրան ճանաչողների թիվն այնքան էլ մեծ չէր, հիմնականում նա հայտնի էր լրագրողների, գրողների, մտավորականների շրջանում: Սակայն ոճրագործությունից հետո նրան շատ մեծ շրջանակ ճանաչեց, ավելի լավ ճանաչվեց նրա հայկական ինքնությունն ու մտահոգությունները: Հետևաբար սկսեցին քննարկվել 1915 թվականն ու Դինքի մտքերը, ինչը շարունակվում է մինչ օրս, և այդ հարցում որևէ հետընթաց չկա: Սակայն իշխանությունները հատկապես վերջին ժամանակահատվածում աներևակայելի վախի մթնոլորտ են ստեղծում:

Մթնոլորտը, որն առանց այդ էլ ցավ էր առաջացնում, այժմ փոխակերպվում է ժխտողականության և ճնշումների միջավայրի: Ինչպես գիտենք, սպասվում են ընտրություններ, և նախընտրական շրջանում ազգայնական և թշնամական տարբեր գործողություններ և սադրանքներ են իրականացվում: Դրանք վերաբերում են նաև Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, ինչի մասին նաև խոսել է Կարո Փայլանը: Այս տարի՝ ապրիլի 24-ին, ոգեկոչման արարողությունների անցկացումը չթույլատրվեց: Ճնշումներն իրականացվում են նաև լրատվամիջոցների կողմից, որոնք ուղղակիորեն ենթարկվում են իշխանություններին և միտված են ձայները լռեցնելուն: Դրանով հանդերձ Հրանտ Դինքի ժառանգությամբ, փիլիսիոփայությամբ, Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողներ կան, ինչն անշուշտ հուսադրող է:

Վերջերս տեսանք, թե ինչպես դատարանն Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման առանց ներման իրավունքի: Ինչպե՞ս կգնահատեք այդ որոշումը։

Ինչպես նշեցի, այժմ Թուրքիան նախընտրական շրջանում է գտնվում: Իշխանությունները ձերբակալությունը որպես գործիք են ծառայեցնում և զոհաբերության միջոցով ցանկանում են ցույց տալ, թե իբր արտաքին ուժերը Թուրքիայի դեմ են գործում:

2013 թվականի Գեզիի ցույցերը նույնպես անցան նման տրամաբանությամբ: Ցույցերը իրականում ժողովրդական շարժում էին, սակայն ինչ-որ պահից իշխանությունները հայտարարեցին, թե այդտեղ գործում է արտերկրից կառավարվող ինչ-որ օջախ, իհարկե, նման բան չկար, սակայն այդպես հայտարարվեց և թիրախավորվեց Օսման Քավալան՝ որպես իբրև թե այդ օջախի առաջնորդ: Եվ այս մարտավարությունը նախընտրական քարոզարշավում որպես գործիք է օգտագործվում, ինչին մեր օրերում նույնպես ականատես ենք լինում: Սակայն իշխանությունների վերահսկողության պայմաններում հնչում են նաև այլ կարծիքներ, մոտեցումներ: Օրինակ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջին անգամ այցելել է Հրանտ Դինք հիմնադրամ, ինչը ուշագրավ երևույթ է:

Ի՞նչ կասեք Թուրքիայում ազատ խոսքի և մարդու իրավունքների մասին։

Անխոս, այն Թուրքիայում շատ վատ վիճակում է, ընդհանուր միջավայրն է շատ վատը: Սահմանադրությունում մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ կան, սակայն դրանք որևէ կիրառական նշանակություն չունեն: Այդ համատեքստում ես շատ եմ կարևորում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ հարաբերությունների կարգավորումը առնվազն կնշանակի խոսքի ազատության ավելացում, ավելի ազատ խոսելու տարածում: Կարող եմ նշել նաև, որ թեպետ շարունակվում են բանակցությունները, սակայն հասարակությունը դրանց շատ չի արձագանքում: Բայցևայնպես, կարծում եմ՝ կարգավորումը հնարավոր է, քանի որ իրապես բոլորի շունչը կտրվում է:

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել