Գնումների մասին օրենքի փոփոխությունները. վտանգվա՞ծ է արդյոք մեկ անձից գնումների հաշվետվողականությունը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Գնումների մասին» օրենքի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները մի շարք հարցեր ու մտահոգություններ էին առաջացրել լրագրողների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների մոտ։

Ամենառիսկային՝ մեկ անձից գնումներին վերաբերող հոդվածներում մի շարք փոփոխություններ են իրականացվել, որոնց հաշվետվողականությունն ու թափանցիկությունը կասկածի տակ էին դրվել։

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունները հեղինակել է ֆինանսների նախարարությունը։ 2022-ի հունվարին այն հաստատել է Ազգային ժողովը։

Գնումների մասին տեղեկատվությունը՝ փաստաթղթերը, հրապարակվում են Gnumner.am և Armeps.am կայքերում։ Armeps.am-ում հրապարակվում են միայն էլեկտրոնային եղանակով իրականացված գնումները։ Դեռևս գործող կարգավորումներով՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունները գնումներն իրականացնում են թղթային եղանակով՝ ոչ էլեկտրոնային, ինչը դժվարացնում է այդ գնումների մշտադիտարկումը։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պարզաբանել է օրենքի փոփոխությունները։

Պայմանագիր կքնելու մասին որոշումը

«Գնումների մասին» օրենքի 10-րդ հոդվածը ներկայում պարտավորեցնում է պատվիրատուին գնումների տեղեկագրում հրապարակել պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարություն՝ անկախ կիրառված գնման ընթացակարգից։

Գործող կարգավորումներով՝ մինչև վերջնական պայմանագիր կնքելը պատվիրատուն հրապարակում է հայտարարություն՝ մասնակցի հետ պայմանագիր կնքելու որոշման մասին։ Այն հրապարակվում է ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման, ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին և հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությանը ծանոթանալով և խախտումներ նկատելով՝ հնարավորություն էր տրվում բողոքարկել այդ որոշումը։

Հունիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններում (հոդված 4) նշվում է, որ մեկ անձից ընթացակարգով գնում կազմակերպելու դեպքում պատվիրատուն կարող է չհրապարակել պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը՝ բացառությամբ կառավարության սահմանած դեպքերի։ Սա խնդրահարույց է, քանի որ պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունները պարունակում են կարևոր տեղեկատվություն։

Սերգեյ Շահնազարյանը նշում է, որ չնայած ընդունված փոփոխություններին՝ պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունները, այնուամենայնիվ, հրապարակվելու են։

«Ներկայում կառավարության քննարկմանը ներկայացված օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտի նախագծով նախատեսված է, որ բոլոր դեպքերում դա պետք է հրապարակվի՝ անկախ կիրառված ընթացակարգից։ Այս շաբաթ արդեն կքննարկվի կոմիտեում»,- նշեց գնումների քաղաքականության վարչության պետը։

Ըստ Շահնազարյանի՝ օրենքով նման հնարավորություն նախատեսվել էր բնական մենաշնորհ (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) հանդիսացող գնումների մասով պատվիրատուներին չծանրաբեռնելու համար։ Բայցևայնպես այս գնումների մասով էլ ամբողջ տեղեկատվությունը շարունակվելու է հրապարակվել։

Կնքված պայմանագրի մասին հայտարարություն

Ըստ օրենքի (11-րդ հոդված)` պատվիրատուն պարտավորվում է տեղեկագրում հրապարակել կնքված պայմանագրի մասին հայտարարություն, որը փաստում է, որ տվյալ մասնակցի հետ կնքվել է վերջնական պայմանագիր։

Հունիսի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխություններով պատվիրատուն կնքված պայմանագիրը հրապարակում է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը՝ 1 միլիոն դրամը։ Սա ևս խնդրահարույց է, քանի որ հանգեցնում է հաշվետվողականության և կոռուպցիոն ռիսկերի։

Շահնազարյանի խոսքով՝ նման փոփոխություն արվել է` հաշվի առնելով, որ երբ գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը, այդ գնումներն արվում են մեկ անձից գնման ձևով և, որպես կանոն, նման գնումների ժամանակ գրավոր պայմանագրեր չեն կնքվում: Հետևաբար, ըստ նրա, նախատեսվել է, որ այդ դեպքում կնքված պայմանագրի հայտարարությունները չեն հրապարակվելու։ Ըստ նրա՝ այս դեպքում չի հրապարակվի կնքված պայմանագրի հայտարարությունը, սակայն կհրապարակվի պայմանագիր կնքելու հայտարարությունը, և փաստացի տեղեկատվության կորուստ չի լինի։

«Ունենք երկու դեպք, երբ հրապարակում ենք պայմանագիր կնքելու հայտարարություն և պայմանագիրը կնքելուց հետո հրապարակում ենք կնքված պայմանագրի մասին հայտարարություն։ Բոլոր դեպքերում պայմանագիր կնքելու հայտարարությունները հրապարակվելու են, իսկ այն դեպքերում, երբ արդեն գործարքը կատարված է ու օրինակ հաշիվ ֆակտուրայով, այդ դեպքում կնքված պայմանագրի հայտարարությունը չի հրապարակվի»,- բացատրում է Շահնազարյանը՝ հավելելով, որ գնումների հսկողության գործառույթների ապահովման տեսանկյունից որևէ փոփոխություն չի կատարվել։

Դիտարկմանը, որ լրագրողների և քաղաքացիական հանրության համար գնումների մոնիթորինգի հիմնական աղբյուր armeps.am կայքում շատ դեպքերում համայնքային կառույցների ու համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունները գնումները չեն հրապարակվում, Շահնազարյանը նշեց, որ այդ խնդիրը կլուծվի 2023-ի վերջին, երբ գործարկվի էլեկտրոնային գնումների նոր համակարգը և բոլորը անցում կատարեն էլեկտրոնային գնումներին։

Ըստ նրա՝ գնումների 70-80 տոկոսն արդեն իսկ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ մյուսներն արդեն կընդգրկվեն նոր համակարգի գործարկմանը զուգահեռ։

Մեկնաբանել