Հրկիզված DIY փաբի սեփականատերը ՄԻԵԴ-ում շահել է Հայաստանի դեմ գործը

Երևանում նախկին DIY փաբի մուտքի պատը հրկիզելուց հետո փչացրել էին նացիստական գրաֆիտիներով։ Լուսանկարը՝ Ianyan Magazine-ի։

Անի Ավետիսյան, OC Media

ԼԳԲՏ համայնքի նկատմամբ իր հանդուրժողականությամբ հայտնի, Հայաստանում 2012-ին պայթեցված և հրդեհված DIY փաբի նախկին համասեփականատերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահել է ՀՀ կառավարության դեմ գործը:

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է DIY փաբի համասեփականատեր ու ղեկավար Արմինե Օգանեզովային 12 000 եվրո (12 600 դոլար) վճարել որպես փոխհատուցում (ինչպես նաև իրավական ծախսերը) նրան հոմոֆոբ բռնությունից չպաշտպանելու համար:

Երեքշաբթի կայացված որոշումը համընկել է Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա հետ, որը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին:

DIY փաբը հրկիզվել է 2012-ին: Հաջորդող շաբաթների ընթացքում Օգանեզովան ոտնձգությունների և ահաբեկման արշավի է ենթարկվել ազգայնականների կողմից, որոնք բողոքի ցույց են արել փաբի դիմաց և վանդալիզմի ենթարկել այն ամենը, ինչ մնացել էր հրդեհից հետո: Մահվան սպառնալիքներ ստանալուց հետո Օգանեզովան ապաստան է խնդրել Շվեդիայից։

Փաբը հրդեհելու համար մեղավոր են ճանաչվել երկու եղբայրներ, որոնք եղել են Black Ravens Armenia նեոնացիստական խմբավորման անդամներ։ 2013-ին դատարանը նրանց երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, հետո նրանց նկատմամբ կիրառվել է համաներում:

Օգանեզովան ՄԻԵԴ էր դիմել՝ բողոքելով, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իրեն ոտնձգություններից, հարձակումներից և սպառնալիքներից, որոնք նա ստացել է իր սեռական կողմնորոշման պատճառով կամ չեն կարողացել արդյունավետ հետաքննել իր բողոքները:

Նա նաև պնդել է, որ հարձակումը սատարել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։

Դատապարտվածներից մեկի փաստաբանը ՀՅԴ անդամ էր, իսկ նրա գրավը վճարել է այն ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ՄԻԵԴ-ը նշել է, որ Հայաստանի առաջատար քաղաքական գործիչները հրապարակայնորեն արդարացրել են փաբի վրա հարձակումը։

«Դատարանի որոշման կարևորությունն այն է, որ այն նախադեպ է ստեղծում Հայաստանի համար»,- ասել է ԼԳԲՏ համայնքի իրավունքներով զբաղվող Մամիկոն Հովսեփյանը։ Նա հավելել է, որ որոշումը կարող է նշանակալից լինել ողջ Եվրոպայի համար։

«Հուսով ենք, որ սա պետությանը կստիպի ընդունել նոր և համապատասխան օրենքներ, իսկ դատարաններին կստիպի հաշվի առնել հնարավոր հետևանքները նախքան նման դեպքերն անտեսելու կամ կոծկելու փորձեր անելը»,- OC Media-ին ասել Հովսեփյանը։

«ԼԳԲՏ մարդկանց համար դժվար է ապրել այս հասարակությունում»

DIY փաբի հրկիզումից տասը տարի անց Հայաստանում փոքրամասնությունների խմբերը շարունակում են զրկված լինել իրավական պաշտպանությունից, իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվում են խտրականության, նրանց նկատմամբ պարբերաբար բռնություն է կիրառվում և հնչում ատելության խոսք:

Հովսեփյանն ասել է, որ մարդու իրավունքները առաջնահերթություն դարձնելու և այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ անելու գործող կառավարության խոստումը կարող է առնվազն բարելավել իրավական միջավայրը Հայաստանում ԼԳԲՏ համայնքի համար։

Նա ասել է, որ խտրականության դեմ օրենքի ընդունումը «պատշաճ» պատասխան կլինի Եվրոպական դատարանի որոշմանը։

«Ներկայումս Հայաստանում [ԼԳԲՏ համայնքի համար] ընդհանուր վիճակը լավ չէ,- ասել է Հովսեփյանը,- ԼԳԲՏՔ մարդկանց համար դեռևս շատ դժվար է ապրել այս հասարակությունում։ Բայց մենք դեռ հուսով ենք, որ ավելի շատ հաղորդակցության և իրազեկման արդյունքում փոփոխություններ կլինեն»:

«DIY փաբը եզակի վայր էր»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼԳԲՏ համայնքի համար ավելի շատ այսպիսի անվտանգ տարածքներ կարող են դրական փոփոխություն մտցնել երկրում: