Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստանի 6 կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել. Միրզոյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին։

«Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի հարթակ է, որտեղ մենք խորքային քննարկումներ ենք ունենում և մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչև տարածաշրջանային և քաղաքական հարցեր։ Եվ ես ակնկալում եմ, որ արդեն իսկ հաստատված ավանդույթներին համահունչ, մենք կունենանք բաց և ընդգրկուն երկխոսություն: Հատկանշական է, որ այս տարի լրանում է ՀՀ-ԵՄ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 1-ամյակը։ Մենք, անշուշտ, կանդրադառնանք նաև այս համաձայնագրի իրականացմանը»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Բրյուսելում քննարկելու է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացները․ «Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն»,- նշել է նա։

«Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ»,- եզրափակել է իր ելույթը Արարատ Միրզոյանը։

Ստորև ներկայացնում ենք նաև լրագրողների հետ ՀՀ արտգործնախարարի հարցուպատասխանները․

– Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

– Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը:

– Եվս մեկ լրացուցիչ հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

– Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:

Մեկնաբանել