Ալիևը «հիասթափված է» Հայաստանի կողմից հանդիպումների չեղարկմամբ

Հայաստանը ապրիլի 29-ին չեղարկել է սահմանների հարցով համաձայնեցված հանդիպումը․ մայիսի 18-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը, հիշեցնելով ապրիլի 6-ին Եվրամիության հովանու տակ անցկացված հանդիպման ժամանակ երկկողմ աշխատանքային խմբի ձևավորման համաձայնությունը, ասել է․ «Ադրբեջանը ժամանակին կազմել էր իր պատվիրակությունը և պատրաստ էր այն ուղարկել, ինչը համաձայնեցվել էր հայկական կողմի հետ: Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը չեղարկել է, ինչը հիասթափեցնող է:

Սակայն ավելի հիասթափեցնող է այն, որ Հայաստանը հրաժարվել է սահմանին նոր հանդիպման անցկացումից, որն առաջարկվել էր մայիսի 7-11-ը: Ցայօր Հայաստանից ժամկետների հարցում նոր առաջարկների ենք սպասում: Նման անպատասխանատու գործելաոճը շատ անհանգստացնող է»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմը կոչ է արել Հայաստանին սկսել սահմանների ճշգրտման գործընթաց, քանի որ իր ձևակերպմամբ՝ «երեսուն տարվա ընթացքում Հայաստանի հետ մեր պետական սահմանը, այդ թվում՝ այլ տարածքներ, որոնք կազմում եմ Ադրբեջանի 20 տոկոսը, հայտնվել են օկուպացիայի տակ»:

Մայիսի 10-ին սահմանազատման գործընթացի մասին հայտարարությամբ էր հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր – խմբ․) և Քյարքիի (Տիգրանաշեն – խմբ․) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան,- նշել էր նա՝ ավելացնելով,- Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ դրանք Ադրբեջանի տարածքները չեն, դրանք Ադրբեջանինն են»:

Դրան հետևել էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի պատասխանը․ «Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել»:

Տե՛ս նաև՝

Մեկնաբանել