Կապիտալ ծախսերի որ ծրագրերն են թերակատարվել 2021-ին

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ 2021-ին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ 100 տոկոս տարեսկզբի ծրագրվածի նկատմամբ։

«Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել»,- պնդել էր Փաշինյանը։ Նա հավելել էր, որ 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշն «աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217,8 միլիարդ դրամ»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն արդեն իսկ անդրադարձել է Փաշինյանի պնդումներին։ Տարեսկզբի նկատմամբ, իրոք, կապիտալ ծախսերը 100 տոկոսով իրականացվել էին, սակայն ճշտված պլանի համեմատ դրանց կապիտալ ծախսերի կատարումը 2021-ին կազմել էր 92 տոկոս։

Որ ծրագրերն են թերակատարվել կամ չեն կատարվել

CivilNetCheck-ը Ֆինանսների նախարարությունից ստացել է հավելյալ տեղեկություն 2021-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կատարման մասին՝ ըստ բյուջետային հատկացումների ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների։

2021-ին ընդհանուր առմամբ բյուջեով նախատեսված է եղել 216,3 մլրդ դրամի կապիտալ ծախս, հետագայում այն ճշտվել է և հասել 236,1 մլրդ դրամի։ Ի վերջո կատարվել է 217,8 մլրդ դրամը (92 տոկոսը)։

2021-ին որոշ ուղղություններով թերակատարումը եղել է զգալի։

Այսպես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակարանային շինարարության համար հատկացված 882 մլն դրամից միայն 348 մլն դրամի մասնաբաժինն է կատարել (գրեթե 40 տոկոսը)։

Հատկապես աչքի է ընկնում արդարադատության նախարարությունը, որի ընդհանուր շուրջ 3,4 մլրդ դրամ արժողությամբ ծրագրերից իրականացվել է միայն 410 մլն դրամը (12 տոկոսը)։ Օրինակ, ամբողջությամբ չի կատարվել «պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» ծրագիրը, որն ունեցել է 110 մլն դրամ արժեք։

Ընդհանրապես չեն կատարվել Հակակոռուպցիոն դատարանին վերաբերող երեք ծրագրերը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի տեխնիկական հագեցվածության ապահովում (148 մլն դրամ), Աջափնյակում՝ 15 հեկտար մակերեսով հողատարածքում, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովում (27,3 մլն դրամ) և Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի տրանսպորտային սարքավորումներով հագեցվածության ապահովում (20 մլն դրամ)։

Ընդամենը 25 տոկոսով է կատարվել «քրեակատարողական ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» ծրագիրը՝ 587 մլն դրամ արժողությամբ։ Չի իրագործվել նաև Արտարադատության նախարարության ամենամեծ՝ 1,7 մլրդ դրամ արժողությամբ «էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում» ծրագիրը։

Զգալի չափով թերակատարվել է բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) տեխնիկական հագեցվածության բարելավման 296 մլն արժողությամբ ծրագիրը։ Դրա 45 տոկոսն է իրականացվել միայն։ Իսկ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շենքային պայմանների բարելավում 200 մլն արժողությամբ միջոցառման միայն 28 տոկոսն է կատարվել։

Միայն 64 տոկոսով են կատարվել Կադաստրի կոմիտեի կողմից գրեթե 600 մլն դրամ արժողությամբ Հայաստանի տարածքի օդալուսանկարահանման օրթոֆոտոհատակագծերի և թվային բարձունքային մոդելի ստեղծման աշխատանքները:

Ընդամենը 29 տոկոսով են կատարվել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի շենքային ապահովվածության բարելավման ծրագիրը, որն ունի 146 մլն դրամ արժեք։

Էական թերակատարումներ կան որոշ ենթակառուցվածքների վերանորոգման համար հատկացված ծրագրերում։ Կիսով չափ է կատարվել Արարատ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագիրը (140,5 մլն դրամ) և ընդամենը 20 տոկոսով է կատարվել 100 մլն արժողությամբ Արփա-Սևան ջրային համակարգի վերազինում ծրագիրը։

Ընդամնեը 2 տոկոսով է կատարվել Սևան-Մարտունի-Գետափ հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգումը (62 մլն դրամ), 70 տոկոսով է կատարվել Արագածոտնի մարզում Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգումը (52 մլն դրամ), 55 տոկոսով Արարատի մարզի Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգումը (28 մլն դրամ) և 46 տոկոսով է կատարվել Արթիկի Սպանդարյան փողոցի ասֆալտապատումը (41 մլն դրամ)։

Զգալի չափով թերակատարվել են նաև առողջապահութան ոլորտի որոշ ծրագրեր։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարության հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում միջոցառումը (83,5 մլն դրամ) և Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգումը (73 մլն դրամ)։

Էականորեն թերակատարվել են նաև որոշ մշակութային և կրթական հաստատություններին ուղղված կապիտալ ծախսերը։ Հայաստանի պատմության թանգարանի վերանորոգման համար տրամադրված 108,5 մլն դրամից կատարվել է 61 տոկոսը։ Իսկ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման համար հատկացված 57,5 մլն դրամի՝ միայն 42 տոկոսը։ Վայոց Ձորում գտնվող Շատիվանքի վանական համալիրի ամրակայման, մասնակի վերականգման և տարածքի բարեկարգման համար հատկացված 4,5 մլն դրամից էլ միայն 60 տոկոսն է ծախսվել։

2022-ի պետական բյուջեով նախատեսվում է կապիտալ ծախսերը զգալի ավելացնել՝ դրանք հասցնելով 341,9 մլրդ դրամի։

Մեկնաբանել