Թոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ծախսերի 10 տոկոսը հետ կստանան

Այն կենսաթոշակառուները, որոնք հուլիսի 1-ից իրենց թոշակի քարտային հաշվից կանեն անկանխիկ առևտուր, կատարած ծախսերի 10 տոկոսը հաջորդ ամիս հետ կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվեց մայիսի 19-ի կառավարության նիստում։

Քարտով առևտուր կատարելու դեպքում հետվճարումը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Վերադարձվելիք գումարի 10 տոկոսը փոխհատուցվելու է կառավարության ու գործընկեր բանկի համաֆինանսավորմամբ։

Համապատասխան որոշման հիմնավորումներում նշված է, որ այս նպատակի համար պետական ծախսերը կաճեն ավելի քան 5 միլիարդ դրամով։ Ծրագրում կարող են ընդգրկվել կենսաթոշակառուների 80 տոկոսը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակվեն գործընկեր բանկերը և թոշակառուները, ցանկության դեպքում, կարող են իրենց հաշիվները տեղափոխել այս բանկեր ու օգտվել ծրագրից։

«Ի՞նչն է պատճառը, որ մենք ասում ենք 5000 դրամի չափով է լինելու վերադարձը. մեզ մոտ կենսաթոշակների մի քանի շերտեր կան։ Կան արտոնյալ կենսաթոշակներ, կան քաղաքացիներ, որ մինչև 200 000 դրամ ու ավել կենսաթոշակ են ստանում, մենք չենք ուզում այստեղ դիսբալանս ստեղծել»,- 5000 դրամի շեմի դրույթը բացատրեց Նիկոլ Փաշինյանը։

Հետվճարումը կատարվելու է նաև անկանխիկ ձևով կատարված կոմունալ վճարումների դեպքում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակառուներից բացի, ծրագրում ներառվել են նաև նպաստառուների անկանխիկ գործարքները։

Մեկնաբանել