Գնումների համակարգերում վրիպակները «քողարկում են» պայմանագրերը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Հանրային գնումների թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել։ Ավելին՝ Հայաստանը ստորագրել է մի շարք ծրագրեր ու փաստաթղթեր, որոնցով հանձնառություն է ստանձնել գնումների ընթացակարգերի բարելավումը։

Այսպես, կառավարությունը «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում պետք է իրականացներ գնումների համակարգը բարելավելու և պետական գնումներով զբաղվող մարմինների ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու աշխատանքներ։

«www.gnumner.am և www.armeps.am պաշտոնական կայքերը կկատարելագործվեն, որպեսզի առավել արդյունավետ գործեն և տրամադրեն ամբողջական տեղեկատվություն գնումների ընթացակարգերի վերաբերյալ»,- նշված էր շուրջ 10 տարի առաջ հաստատված ծրագրում, որը վաղուց արդեն պետք է իրականություն լիներ։

Սակայն այս երկու համակարգերը՝ և՛ gnumner.am-ը, և՛ armeps.am-ը, որոնց միջոցով միայն հնարավոր է մշտադիտարկել գնումները, արդեն տարիներ շարունակ գործում են բազմաթիվ տեխնիկական խնդիրներով, դրանք մատչելի չեն, ներկայացված տվյալները ամբողջական չեն, առկա են բազմաթիվ վրիպակներ, ինչն անհնար է դարձնում իրականացված գնումներից համալիր տվյալների ստացումը, հաշվետվողականության ապահովումը։

Պայմանագրեր՝ անցած դարից

Ըստ armeps.am համակարգի, օրինակ, Կադաստրի կոմիտեն 1901թ. «Բիգ պլաստ» ընկերությունից ձեռք է բերել տնտեսական, սանհիգիենիկ և լվացող միջոցներ։ Ոչ, ոչ թե մենք ենք սխալ գրել, հենց այդպես էլ նշված է գնումների համակարգում։

Թվում է՝ փոքրի վրիպակ է, սակայն դրա հետևանքով այս պայմանագիրը գտնելը գրեթե անհնարին է դառնում, քանի որ որոնելու դեպքում այն չի գեներացվի։

Սա միակ օրինակը չէ, նման մի քանի տասնյակ վրիպակներ կան, ինչը անհնարին է դառնում գնումների ամբողջական ուսումնասիրությունը։ Բացի այդ, համակարգի այս բացը կարող է օգտագործվել նաև հրապարակման համար «ոչ ցանկալի» պայմանագրերը թաքցնելու և այլ կամայականություննների համար։

Գնման առարկաների խառնաշփոթը

Գնումների համալիր ուսումնասիրությունը, գնված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համալիր մշտադիտարկումն անհնարին է դարձնում նաև Armeps.am կայքի որոնման համակարգում գնման առարկա դաշտում տվյալների ոչ միաձև լինելը։

Այսպես, միևնույն առարկան, ծառայությունը, աշխատանքը ներկայացված է տարբեր անուններով, առկա են տառասխալներ, ինչի հետևանքով անհնար է որևէ առարկայի մասով ստանալ ամբողջական տեղեկատվություն։

Փնտրման այլ ձև կիրառելիս, պարզում ենք, որ բազմաթիվ անգամներ որպես գնման առարկայի անվանում նշվել են թվեր, անհասկանալի տվյալներ, շատ դեպքերում պայմանագրի գումարը կամ ընտրված մասնակցի անունն է նշված գնման առարկայի դաշտում, ինչի հետևանքով դասակարգիչը կիրառելու դեպքում դրանք չեն գեներացվի։

Բացի այդ, խնդիր կա նաև մատակարարների դաշտում. նույն մատակարարի անունը մուտքագրված է տարբեր ձևերով, հնարավոր է որևէ տառի բացակայություն կամ սխալ, ինչի հետևանքով տվյալ մատակարարի հետ կնքված պայմանագիրը լինի ոչ հասանելի, ինչը կրկին անհնար է դարձնում ամբողջական տեղեկատվության ստացումն ու վերահսկողության իրականացումը։

Խնդիրներն այսքանով չեն վերջանում. փաստացի վրիպակներ առկա են գրեթե բոլոր բաժիններում և հիմնավոր կասկածներ կարող են լինել, որ համակարգի այս անկատարությունը կարող է օգտագործվել, օրինակ, «խնդրահարույց» պայմանագրերը «անհասանելի դարձնելու» համար։ Եվ այս բոլոր կետերն անհնարին են դարձնում ամբողջական ու ստույգ ուսումնասիրություն իրականացնելը։

Gnumner.am կայքում տեղեկատվություն գտնելն առավել դժվար է և շատ դեպքերում գրեթե անհնար։ Այստեղ չկա որևէ դասակարգիչ, անհնար է, օրինակ, ըստ պետական մարմնի, տարեթվի, ժամանակաշրջանի կամ մատակարարի գտնել պայմանագրեր։ Հատկանշական է, որ գնումների հետ կապված փաստաթղթերի մեծ մասը հենց այս համակարգում է տեղադրվում։ Եթե armeps.am-ում տեղադրված են միայն էլեկտրոնային գնումների հետ կապված տվյալները, ապա gnumner.am-ում են նաև թղթային եղանակով գնումները։ Սակայն, ինչպես նշեցինք, չկա որևէ զտման համակարգ։ Որևէ գնում գտնելու տարբերակը պայմանագրի ծածկագրով փնտրելն է, սակայն պայմանագրերի ծածկագրով գնումները փնտրելիս մեծամասամբ հնարավոր չի լինում գտնել դրանց հետ կապված փաստաթղթերը։

Նոր համակարգ է մշակվելու

Ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը CivilNetCheck-ի հետ հարցազրույցում նշում է, որ վերոնշյալ խնդիրներից որոշները տեղյակ էին, որոշներն էլ մեզնից են տեղեկանում, սակայն գործող համակարգերում այս պահին չեն կարող փոփոխություն անել։

«Armeps-ը 12 տարի առաջ մշակված համակարգ է, որը և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես մաշված է։ Դրա վրա ռեսուրս ծախսել նույնն է, ինչ նոր էլեկտրոնային գնումների համակարգ պատրաստել, դրա համար գնում ենք նոր էլեկտրոնային համակարգ ստեղծելուն»,- նշում է Շահնազարյանը՝ հավելելով, որ այն կլինի առավել մատչելի, ամբողջական և դյուրին օգտագործման մեջ։

Ըստ Շահնազարյանի՝ այն պետք է պատրաստ լինի 2023-ի վերջին։

Սակայն փաստացի դեռևս տասը տարի առաջ հանձնառած պարտավորությունը որևէ կառավարություն դեռ ամբողջապես կյանքի չի կոչել։ Պետական գնումներին էլ ուղղվում է հարկատուների գումարների՝ պետական բյուջեի մի մեծ հատված, և դրա ամբողջական թափանցիկությունը չի ապահովվում։

Մեկնաբանել