Ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ուսումնասիրության ենթակա պաշտոնյաների ցանկը կընդլայնվի

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով ուսումնասիրության ենթակա պաշտոնատար անձանց ցանկը կընդլայնվի։ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Փոփոխությամբ կընդլայվի «պաշտոնատար անձ» հասկացությունը. բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում կներառվեն նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:

Վարույթ իրականացնող մարմինը նաև հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Մեկ այլ փոփոխությամբ գործերի ուսումնասիրությունը երկու տարվա փոխարեն կդառնա երեք տարի՝ ելնելով դրանց բարդությունից և օբյեկտիվ խնդիրներից։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 և ավարտված 20 ուսումնասիրություններ կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: 20 ավարտված ուսումնասիրությունների դեպքերում դատարանի կողմից կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ: Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան:

Մեկնաբանել