Արմեն Գրիգորյանը՝ անկլավների, սահմանազատման ու խաղաղության օրակարգի մասին

Մայիսի 19-ին կառավարության հերթական նիստից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց անկլավների, սահմանազատման ու խաղաղության օրակարգի մասին։

Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր Հայաստանում՝ իր կողմից մատնանշվող անկլավների վերաբերյալ, մինչդեռ հայկական կողմն ունի հարևան երկրում անկլավների առկայության մասին այդ հիմքերը։ Կառավարության նիստից հետո հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների վերաբերյալ, եթե նրանք նման այդպիսի հարցեր են բարձրացնում»,- շեշտեց Գրիգորյանը։

Մայիսի 10-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել էր, թե «չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել»։ Մարուքյանը պատասխանել էր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի այն հայտարարությանը, թե «անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը, Ադրբեջանին վերադարձնելու հարցերը ի թիվս այլ հարցերի պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում»։

Ճեպազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային հանդիպման հարցին՝ հայտնելով, թե «տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դեռևս չի ստացվել կազմակերպել այդ հանդիպումը»։

«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»,- նշեց Գրիգորյանը։

Հարց եղավ նաև Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգ ձևավորելու մասին։

«Մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ներկայացված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ»,- հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել