Կենսաանվտանգության ոլորտում ռուսական կողմի հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ. ԱԽ քարտուղար

laboratory

Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ․ այդ մասին կառավարության մայիսի 19-ի նիստից հետո հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով նախօրեին ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությանը:

Երևանում ՌԴ դեսպանատունը մայիսի 18-ին մեկնաբանել է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը՝ նկատելով, որ ռուսական կողմն ունի հարցեր կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության վերաբերյալ:

«Կենսաանվտանգության մասին հայ-ռուսական հուշագրի կատարման համատեքստում մենք դեռևս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասված է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որն ի պաշտոնե համակարգում է ՀՀ վարչապետի հրամանագրով ստեղծված կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբը, հիշեցրեց. «Ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են ժամանել Հայաստան, և նրանց բարձրացրած բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»:

Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանում առկա բոլոր լաբորատորիաներում աշխատում են ՀՀ քաղաքացիներ, այդ կառույցները գործում են ՀՀ օերնսդրության շրջանակում և միտված են սպասարկելու միայն Հայաստանի շահերը:

«Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում և մեր ռուս գործընկերների բարձրացրած հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ:

Վերջերս ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է բոլոր հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: Նաև քննարկվել են կեսաանվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու հարցեր»,- տեղեկացրեց ԱԽ քարտուղարը` հիշեցնելով, որ Հայաստանը և ՌԴ-ն անցյալ տարի կնքել են կենսաանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր:

Այս տարվա մարտի 17-ին Մոսկվայում կայացել են հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ, քննարկվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման գործընթացը:

Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ (որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ) գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Մոսկվան այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին 2019-ի նոյեմբերին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ, և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են:

Տե՛ս նաև՝ Կենսաբանական զենքի ռուսական թեզը՝ Ուկրաինայից Հայաստան

Մեկնաբանել