Մարիա Կարապետյանը հղում է արել գոյություն չունեցող բանաձևի

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ազգային ժողովը մայիսի 18-ին հաղորդագրություն էր (արխիվացված) տարածել, որում նշվում, որ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը մայիսի 18-ին իտալացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արժևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը։

Այդպիսի բանաձև, սակայն, Իտալիայի խորհրդարանը չի ընդունել այս տարվա մարտին։


Երկու իտալացի պատգամավոր աջակցություն էին հայտնել մարտի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի դեկտեմբերին 26-ին, իտալացի խորհրդարանականները կոչ էին արել վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց։

Իտալիայի խորհրդարանի կողմից ռազմագերիների վերադարձը ամրագրող որևէ բանաձև չկա։ Այս մասին որևէ տեղեկություն չկա ինչպես Իտալիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում, այնպես էլ համացանցում։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, փորձեց հասկանալ, թե ինչ բանաձևի մասին էր խոսել Մարիա Կարապետյանը, սակայն վերջինս #CivilNetCheck-ի զանգերին չարձագանքեց։

Մեկնաբանել