Հայաստանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպում չի չեղարկել կամ մերժել․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությանը։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է Հունանյանի պատասխանում։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 18-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը ապրիլի 29-ին չեղարկել է սահմանների հարցով համաձայնեցված հանդիպումը։

Ալիևը, հիշեցնելով ապրիլի 6-ին Եվրամիության հովանու տակ անցկացված հանդիպման ժամանակ երկկողմ աշխատանքային խմբի ձևավորման համաձայնությունը, ասել է․ «Ադրբեջանը ժամանակին կազմել էր իր պատվիրակությունը և պատրաստ էր այն ուղարկել, ինչը համաձայնեցվել էր հայկական կողմի հետ: Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը չեղարկել է, ինչը հիասթափեցնող է:

Սակայն ավելի հիասթափեցնող է այն, որ Հայաստանը հրաժարվել է սահմանին նոր հանդիպման անցկացումից, որն առաջարկվել էր մայիսի 7-11-ը: Ցայօր Հայաստանից ժամկետների հարցում նոր առաջարկների ենք սպասում: Նման անպատասխանատու գործելաոճը շատ անհանգստացնող է»:

Մեկնաբանել