44-օրյա պատերազմից հետո ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ինքնիշխանության կորուստը. Փաշինյան

Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Ինչպես տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ողջունում եմ ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը: Կարծում եմ, որ Հայաստանն այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է: Նույնիսկ ճիշտ ժամանակն է այս ֆորումը անցկացնելու և ճիշտ վերնագրի ներքո է անցկացվում, որովհետև, սովորաբար, ասում եմ, որ ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար, Հայաստանում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից: Զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն: Զեկույցներն իրականում ոչ թե պատճառ են, այլ արդյունք են: Ես ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպութունների զեկույցներին, հիմա ես ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել ՀՀ քաղաքացուն, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է, և ես կարծում եմ, որ հենց քաղաքացին է ՀՀ ժողովրդավարության առանցքային երաշխավորը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ:

«Ինչո՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Մի շատ, կարծում եմ, էական հանգամանքով: Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, և հետևաբար, ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում: Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,- ընդգծել է Փաշինյանը:

Մեկնաբանել