Խաղաղության համար կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը․ Լիտվայի նախագահ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:

«Ձեր պաշտոնական այցը իսկապես կարևոր է մեր պետության համար: Սա նաև լավ հնարավորություն է, որ մենք միմյանց անձամբ ճանաչենք և, որ ամենակարևորն է՝ մեր երկրները ներկայացնենք և ուղիներ գտնենք եղած ներուժն օգտագործել՝ մեր բարեկամական դարավոր կապերն ամրապնդելու և զարգացնելու համար: Մենք ձեր անցած ճանապարհը, ձեր պատմությունը շատ լավ գիտենք, և այդ պատմության մեջ մենք շատ նմանություններ ունենք: Լինելով փոքր երկրներ, մենք միշտ պայքարել ենք մեր անկախության, ազատության համար: Դա մեր ժողովուրդների գլխավոր նպատակն է եղել, և մենք հասել ենք մեր նպատակներին, և այսօր հնարավորություն ունենք՝ որպես անկախ պետություններ կերտել մեր ապագան: Մենք պետք է նայենք դեպի ապագա: Համոզված եմ, որ ձեր այցը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Լիտվայի նախագահ նշել է, որ իր այցի նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:

«Ինչպես գիտեք նախքան այստեղ գալս եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա»,- ասել է Գիտանաս Նաուսեդան։