Գյումրու Բարեկամության այգին կունենա նաև վերնիսաժ ու սահադաշտ

Գյումրու Բարեկամության այգում ընթանում են վերակառուցման աշխատանքներ։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում այգում կառուցվելու է նաև սահադաշտ և Վերնիսաժի 25 տաղավար։

Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելեցին Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցման աշխատանքներին և զբոսայգում ընթացող շինարարությանը։ Այնտեղ նախատեսվում է նաև սահադաշտ կառուցել։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսի խոսքով՝ ծրագրի նպատակը տուրիզմի զարգացումն է քաղաքում։

«Բարեկամության այգու ծրագրի զարգացումը նպաստում է տնտեսության և տուրիզմի զարգացմանը, տաղավարների շնորհիվ կկարողանանք բարձրաձայնել արվեստագետների մասին, իրենց կատարած աշխատանքը ցույց տալ ու հնարավորություն տալ, որ իրենք նաև զարգացնեն արվեստը»,- ասում է Անտոնիս Ցամուլիսը։

«Գյումրին արդեն իսկ տուրիստական կենտրոն է, բայց անհրաժեշտ է տուրիստական գործունեությունը բազմազանեցնել, և սա հիանալի հնարավորություն է ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար. մարդիկ հնարավորւոթյուն կունենան և՛ ձմռանը, և՛ ամռանը` տարվա բոլոր եղանակներին այցելել Գյումրի և ինչ-որ մի բան անելու»,- նշում է ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։

Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Տաղավարները կարող են ձևափոխվել փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով և գունային համադրությամբ հիշեցնում են հայկական ազգային կարպետ:

Զբոսայգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-պետական համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման մոդել Գյումրիում։

«Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ տարվա բոլոր եղանակներին։ Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր։ Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ։ Ծրագրով նախատեսված է 25 տաղավար, սա պիլոտային է, առհասարակ մեր վերջնական նպատակն է այգում մոտ 60 տաղավար ունենալ»,- ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը: Նա հավելում է, որ Բարեկամության այգին ունենալու է հուշանվերների սեփական արտադրություն:

Վերնիսաժի տաղավարները պատրաստվում են «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոցում։ Ընկերության հիմնադիր Արտյոմ Միքայելյանի խոսքով՝ տաղավարները իրենց ձևով և չափով տարբերվելու են։

«Երկաթի վրա էկոլոգիապես մաքուր փայտ է լինելու, բոլորը միաոճ են լինելու, աշխատանքներում ընդգրկված են միայն տեղացիներ»,- հավելում է Միքայելյանը։

Նախատեսվում է, որ զբոսայգին գյումրեցիների և հյուրերի համար բաց կլինի սեպտեմբերին։ Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է կազմում։ 2023-ի աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին՝ իր բոլոր օբյեկտներով։

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ) և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, ինչը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով: Նախագծի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շաhառու ներգրավվել է տարաբնույթ դասընթացներում։

Նյութը հրապարակվում է գործընկերության շրջանակում

Մեկնաբանել