Շարմազանովը հիշել է Բոլթոնին, բայց սխալ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում խեղաթյուրել է 2018-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքեը:

«Մոռացե՞լ եք՝ Բոլթոնն եկավ Հայաստան, ասաց հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Մոռացե՞լ եք։ Էդ պատմական կաղապարները ո՞րն է։ Բոլթոնը ո՞ր երկրի պաշտոնյան էր։ Կարո՞ղ է՝ Ռուսաստանի կամ Իրանի։ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդական։ Մարդն ասաց պատմական կաղապարներից հայ ժողովուրդը պետք է հրաժարվի։ Իսկ որո՞նք են կաղապարները՝ դա եկեղեցին է, Արցախյան հիմնահարցը, ցեղասպանության միջազգային ճանաչումն է»,- ասել է Շարմազանովը 168.am-ին։

Ինչ է ասել Բոլթոնը

Ջոն Բոլթոնը, որը 2018-19 թթ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, Հայաստան էր այցելել 2018-ի հոկտեմբերին։ Այցելության շրջանակում նա հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանում Բոլթոնը հարցազրույց էր տվել «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին և հենց այդ հարցազրույցի ժամանակ օգտագործել «պատմական կաղապարներ» արտահայտությունը։

Ջոն Բոլթոնի հարցազրույցի ձայնագրությունը։ Հարցազրույցի անգլերեն սղագրությունը հասանելի է ԱՄՆ դեսպանատան կայքում։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության և Հայաստանի ինքնիշխանության մասին հարցին Բոլթոնը պատասխանել էր.

«Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը, և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։

Այսինքն` խոսքը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանն է վերաբերում, այլ ոչ թե Շարմազանովի թվարկած արժեքներին՝ եկեղեցի, Արցախ, ցեղասպանության միջազգային ճանաչում։ Սա ավելի պարզ է դառնում «Ազատության» հաջորդ հարցին Բոլթոնի պատասխանից։

Հարցին, թե որոնք են Ռուսաստանին այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար, Բոլթոնը պատասխանում է.

«Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում` զենքի վաճառքի բնագավառում։ […] Մենք կարծում ենք, որ մեր [ռազմական] տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում»։

Այսինքն, Բոլթոնը «պատմական կաղապարներ» եզրույթը կիրառել է ժողովրդավարության և հատկապես դրա շնորհիվ ինքնիշխանության մակարդակի բարձրացման և տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցման համատեքստում, այլ ոչ թե եկեղեցու, Արցախի և ցեղասպանության հարցերում, ինչպես պնդել է Շարմազանովը։

Մեկնաբանել