Արցախի կառավարությունը չի բացահայտում, թե ումից է ձեռք բերել 82 բնակարանը

Ստեփանակերտ

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախի կառավարությունը երկրորդային շուկայից արդեն 82 բնակարան է ձեռք բերել։ Գները և այլ մանրամասներ չեն հաղորդում։

44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների համար Արցախի կառավարությունը երկրորդային շուկայից բնակարաններ է գնում։ Թե ինչ գնով են ձեռք բերվում այդ բնակարաններն ու բնակելի տները, պատկան մարմինները չեն հայտնում։

Պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած այլ շահառուների համար երկրորդային շուկայից գնվել է 82 բնակարան և բնակելի տուն։ ՍիվիլՆեթին նման տվյալ է տրամադրել 2021-ի հուլիսին ստեղծված Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն։ Կոմիտեն տեղեկացում է, որ ֆիզիկական անձանցից դեռևս գնում չի իրականացվել, բոլոր 82 բնակարաններն ու բնակելի տները գնվել են Արցախի ներդրումային հիմնադրամից։

Ի՞նչ գներով են ձեռք բերվել բնակարանները

Եթե Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն այս հարցին պարզապես չի պատասխանել, ապա Արցախի ներդրումային հիմնադրամը որպես հարցի պատասխան հղում է արել Արցախի կառավարության 2021-ի դեկտեմբեր 2-ի որոշմանը, որով կարգավորվում է շահառուներին բնակտարածքների տրամադրման պայմաններն ու ընթացակարգը։

Արցախի ներդրումային հիմնադրամը ստեղծվել է Արցախի կառավարության կողմից 2007-ին։

Ումի՞ց են ձեռք բերվել բնակարանները

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն ասում է, որ բոլոր 82 բնակարանները ձեռք են բերվել Արցախի ներդրումային հինադրամից, իսկ հիմնադրամը հաղորդում է, որ իրավասու չէ նման տեղեկատվություն տրամադրել Արցախի սահմանադրության 52-րդ հոդվածի 2-րդ մասի (Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով), «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մի քանի հոդվածների և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի օրենքի 7-րդ հոդվածի (Բանկային գաղտնիքի հրապարակման արգելումը) ուժով:

Այս տարվա մայիսին ՍիվիլՆեթը ծավալուն հարցազրույց էր ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ, որտեղ արծարծել էինք նաև բնակարանային հիմախնդիրը։ Այդ ոլորտը անմիջապես Արցախի պետական նախարարն է համակարգում։

Կարո՞ղ ենք, արդյոք, հարցումների միջոցով պարզել, թե տեղահանված ընտանքիների կամ այլ շահառուների համար երկրորդային շուկայից բնակարանները ումից են ձեռք բերվում։ Պետնախարարն այս հարցին պատասխանել էր․

«Կարծում եմ՝ դժվար, բայց պետք է իրավաբանները նայեն, նոր ասեն։ Անհատականցված տվյալների տեսանկյունից դժվար թե կարողանան։ Բայց նաև չեմ էլ բացառում։ Իրավաբանները պետք ուսումնասիրեն ու նոր ասեն։ Դրանք (բնակարանների ձեռք բերումը- ՍիվիլՆեթ) տեղի են ունեցել լիազոր մարմինների կողմից, նաև՝ Ներդրումային հիմնադրամի խողովակով»։

Մեկնաբանել