Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի, այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ 2021-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները տվել են ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները և նոր ընտրությունների անցկացման ոչ մի նախադրյալ չկա։

«Հայաստանում բացարձակապես ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները 2021-ի հունիսին տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության կողմից»,- ասել է Գրիգորյանը։

***

2021-ի հունիսի 20-ի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր քվեների 53,91 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,9 տոկոսը, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել