Մհեր Գրիգորյանը Կասպրշիկի հետ քննարկել է ապաշրջափակման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շարունակական դերակատարումը»,- ասված է հաղորդագրությունում: *** Հունվարի 11-ին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել փոխվարչապետերի մակարդակով ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։ Աշխատանքային խմբում Հայաստանի համանախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։