Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատմանն առնչվող հարցեր

ararat-mirzoyan-sergey-lavrov

Մայիսի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր:

***

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ «առաջիկա օրերին միջպետական ​​սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը»։