ԱԽ քարտուղարը մեկնաբանել է ՀՀ տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու համաձայնությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ ստորև․

– ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:

– Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան:

Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը:

Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: Եվ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը:

***

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»։

Մեկնաբանել