ԵՊՀ-ից և ԿԳՄՍՆ-ից հերքում են աշխատակիցների ազատման մասին լուրերը

ԵՊՀ-ից և ԿԳՄՍՆ-ից հերքում են աշխատակիցների ազատման մասին լուրերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվականներում և սոցիալական ցանցերում մայիսի 12-ին տեղեկություն տարածվեց, թե Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել՝ «չցանկանալով աշխատել դավաճանական իշխանությունների հետ»։

Տեղեկության աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀԿ-ական Արթուր Թովմասյանն է։

Նույնաբովանդակ տեղեկություններ են հայտնել նաև ընդդիմության երկու պատգամավորներ․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնել է, թե իր տեղեկություններով «կարմիր բերետավորներից» (ՊՊԾ 3-րդ գումարտակ) մի քանի հոգի ազատման դիմում է գրել։ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ նույնիսկ ազատված ոստիկանների անուններ էր տվել՝ հայտնելով, թե բազմաթիվ ոստիկաններ դուրս են գալիս համակարգից։

«Ինձ փոխանցեցին, որ մայոր Խաչիկ Թովմասյանը, որը կարմիրբերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից։ Նաև ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը՝ կրկին ոստիկանության աշխատող, հրաժարվել է այլևս կատարել այս խելագարի հրահանգները, դիմում է գրել և դուրս եկել համակարգից»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։

Ոստիկաններից մեկը «ազատվել էր» նաև 2020-ին «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերի ժամանակ

Մայոր Խաչիկ Թովմասյանի (նրա անունը հնչեցրել է Սաղաթելյանը) աշխատանքից ազատման մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել դեռ 2020-ի դեկտեմբերին՝ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ցույցերի ժամանակ։

Ավելին, ըստ ոստիկանության 2022-ի մայիսի 14-ի հաղորդագրության, Խաչիկ Թովմասյանը և Նարեկ Հարությունյանը շարունակում են մնալ ոստիկանական համակարգում, և նրանց կողմից ազատման դիմումներ չեն ստացվել։

Միևնույն ժամանակ, ոստիկանությունից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ ապրիլի 15-ից մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում ծառայությունից ազատվել է 85 ոստիկան։

Մեծ թվով ոստիկանների ազատման դիմումների մասին տեղեկությունը մայիսի 18-ին մեկնաբանել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ որպես հիմնավորում բերելով ոստիկանների՝ քննչական կոմիտե և հակակոռուպցիոն կոմիտե տեղոփոխվելը։

«Ըստ էության դրանք տարրական, շատ տարրական մանիպուլյացիաներ են։ […] Այո, ոստիկանությունից դուրս եկող անձինք կան, որևէ մեկը չի թաքցնում, դա մշտական պրոցես է։ Ի դեպ, նշեմ՝ այս պահից արձանագրենք, որ տարեվերջին ունենալու ենք ոստիկանությունից ավելի շատ դուրս եկող մարդիկ, քան նախորդ տարի, բայց կան դրա պատճառները»,- ասել էր Ֆիդանյանը։

ԿԳՄՍՆ-ն և ԵՊՀ-ն ևս հերքում են

CivilNetCheck-ը կապ հաստատեց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ, որը հերքեց համալսարանից դասախոսների ազատման դիմումներ ներկայացնելու մասին տեղեկությունները։

«Վերջին ազատումը սեփական դիմումի հիման վրա ազատում է եղել ապրիլի 15-ին՝ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Չոլաքյան Հակոբի կողմից։ Այդ օրվանից այս կողմ որևէ մեկը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ դեռևս մեկ ամիս առաջ դասախոսի ազատման դիմումը որևէ կապ չունի քաղաքական գործընթացների հետ։

ԿԳՄՍ նախարարությունից ևս հերքեցին աշխատակիցների կողմից ազատման դիմումների մասին տեղեկությունը:

«Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Սովորաբար լինում են դեպքեր, երբ մարդիկ ազատվում էլ են, բայց դա նորմալ երևույթ է՝ ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես։ Այն, ինչ որ պարոն Թովմասյանը նկատի ունի՝ չկա նման երևույթ»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մամուլի բաժնից։

Ըստ ԿԳՄՍ-ից ստացված գրավոր պատասխանի՝ ապրիլի 15-ից ազատվել է հինգ աշխատակից, որոնցից երեքը՝ իրենց դիմումի համաձայն, մեկը՝ տարիքի առավալագույն շեմը հատելու և ևս մեկը՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։

Մեկնաբանել