Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից․ Գեղամ Բաղդասարյան

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել երևանյան ցույցերում արցախցիների ակտիվության մասին։ Նա բարձրացնում է Արցախում նույն ակտիվությունը ցուցաբերելու անհրաժեշտության հարցը։ Գեղամ Բաղդասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երևանում արցախցիների քաղաքական ակտիվությունը և ընդհանրապես՝ Արցախից հայաստանյան ներքաղաքական զարգացումներին շահագրգիռ մասնակցությունն առնվազն որոշ հարցերի տեղիք են տալիս։

Իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում։ Արցախի իշխանություններին հարցեր ու դրանց պատասխանների ակնկալիքներ չկա՞ն։ Քաղաքական նոր մտքի ու քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտություն չկա՞ Արցախում։

Բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ կան Արցախում։ Ոչ ոք չի՞ ուզում պարզել 44-օրյա աղետալի պատերազմի պատճառահետևանքային կապերում մեր բաժին պատասխանատվությունը՝ անցյալից դասեր քաղելու, հետագայում նույնը չկրկնելու և աղետալի շրջապտույտից դուրս գալու համար։ Ոչ ոք չի՞ ուզում հետաքննել Փառուխի դեպքերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը։ Ոչ ոք չի՞ ուզում ուսումնասիրել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները, այդ ճանապարհին առնչվող արցախյան մասնակցության չափը կամ չմասնակցության չափն ու պատճառը։ Արցախյան հանրությանը չե՞ն հետաքրքրում այս հարցերը։ Չի՞ հետաքրքրում, թե պատերազմից հետո անցած մեկուկես տարում ինչ է արվել երկրի անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության, ընդհանրապես՝ անվտանգության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ։

Բացի դրանից՝ ոչ ոք չի՞ ուզում պարզել, թե արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մեջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը որն է։ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» միտքն աքսիոմա է, այո՝ բացահայտ ու անվերապահ ճշմարտություն է, բայց դիրքորոշում չէ, քանի որ չի պատասխանում գլխավոր հարցին՝ իսկ Արցախի իշխանություններն ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան, միջազգային հանրությանը ի՞նչ տարբերակ են առաջարկում և ի՞նչ հիմնավորմամբ։ «Չի կարող լինել»-ը հասկացանք, բա ո՞ր տարբերակը «կարող է լինել», և կա՞, արդյոք, այդ տարբերակին հասնելու «ճանապարհային քարտեզի» տեսլական կամ գոնե դրա անհրաժեշտության գիտակցում՝ սա է անհասկանալին։

Արցախում սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովման, միջպետական վարկի և այլնի տեսքով դրամական մուտքերի վերահսկելիության ու արդար բաշխման հարցերում լրջագույն խնդիրներ կան։ Այս հարցերին չարժե՞ պատշաճ ուշադրություն դարձնել։ Ոչ ոք չի՞ ուզում մերիտոկրատիա՝ «արժանիների իշխանություն» ունենալ Արցախում։

Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից։ Սրա չընկալումը ոչ միայն նշանակում է չհասկանալ բարեփոխումների (փրկության) բուն էությունը, այլև համազոր է սեփական պետականությունը չընկալելուն-չընդունելուն, սեփական ներուժը զրոյացնելուն»,- գրել է Բաղդասարյանը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել