Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Բլինքենը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
«Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին:
***
Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»։
Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտնել է, որ «առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը»: