Շառլ Միշելի հայտարարության տողատակերը

charles michel

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված երրորդ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ժամեր տևած հանդիպման ընթացքում Միշելը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ ամփոփված են հանդիպման արդյունքերը: Հանդիպման վերաբերյալ գրառում է կատարվել նաև ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Միշելի հայտարարության մեջ կան մի շարք ուշագրավ կետեր ու ձևակերպումներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին:

Հայտարարության առաջին հատվածը նվիրված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը: Հայտարարության մեջ նշված է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին նիստը: Հետաքրքրական է, որ մայիսի 12-ին Դուշանբեում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարվել էր, որ սահմանային երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում: Բիշքեկի հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններում ընդգծվում էր նաև Ռուսաստանի խորհրդատվական դերը այս գործընթացում: Սահմանային հանձնաժողովի առաջին նիստի վայրի տեղափոխումը հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Ռուսաստանի դերի չհիշատակելը, անշուշտ, նպատակ է հետապնդում նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը այս գործընթացի վրա: Սրանք, սակայն, առաջին հերթին խորհրդանշական քայլեր են, և ամենայն հավանականությամբ չափազանց դժվար է լինելու բացառել Ռուսաստանի ներգրավվածությունը սահմանազատման ու սահմանագծման գործընթացում, քանի որ առնվազն քարտեզների հարցում կողմերը կախվածություն ունեն Մոսկվայից:

Միշելի հայտարարության երկրորդ հատվածում խոսվում է ապաշրջափակման գործընթացի մասին: Այս հատվածում ամենաուշագրավ կետը այն է, որ կողմերը համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման հարցի շուրջ: Այս կետը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական մեդիա դաշտում, քանի որ տարբեր խմբեր ու անհատներ պնդում էին, որ այստեղ խոսքը Ադրբեջանին անկլավների հանձնման մասին է: Այնուամենայնիվ, ի սկզբանե ակնհայտ էր, որ հայտարարության այս հատվածում խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի երկաթգծի մասին է, որի միջոցով նախատեսվում է վերականգնել երկաթգծային կապը, օրինակ, Երևանի ու Մեղրիի միջև: Այս վարկածը մայիսի 23-ին հաստատեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերոնշյալ կետը կարելի է հայկական կողմի համար դրական համարել, քանի որ այն նույն հարթության մեջ է դնում մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծը (կամ ճանապարհը) Հայաստանի տարբեր մասերը միմյանց հետ կապող նախիջևանյան երկաթգծի հետ: Սա նշանակում է, որ հաղորդակցության այս երկու ուղիները ունենալու են նույն կարգավիճակը: Այդ առումով դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է համաձայնել ինչ-որ հատուկ կարգավիճակի Նախիջևանով անցնող երկաթուղու համար: Սա իր հերթին բացառելու է Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների համար որևէ հատուկ կարգավիճակը:

Շառլ Միշելի հայտարարության երրորդ հատվածում խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի մասին է: Այս հատվածում Շառլ Միշելը, մասնավորապես, նշում է․

«Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կբերեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու՝ ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի՝ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը Ղարաբաղում»:

Այս հատվածում Ղարաբաղի վերաբերյալ հիշատակումների առկայությունը կարող է տպավորություն թողնել, որ դրանք բխում են հայկական կողմի շահերից: Ավելին, բրյուսելյան բանակցությունների ընթացքում այդ տողի ներառումը հայտարարության տեքստի մեջ ամենայն հավանականությամբ ներկայացվել է որպես հայկական կողմին արված զիջում: Սա նաև վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական համատեքստում Շառլ Միշելի տարածած հայտարարություններից առաջինն է, որի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում կա Ղարաբաղի մասին:

Այնուամենայնիվ, այս հատվածը ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի մոտեցումներին: Միշելի կողմից «Լեռնային Ղարաբաղ» անվանման փոխարեն «Ղարաբաղ» անվանման օգտագործումը պատահական չէ: Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքուն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ նույնիսկ վարչատարածքային միավոր գոյություն չունի: «Ղարաբաղ» տեղանվան կիրառումը համապատասխանում է Ադրբեջանի այս դիրքորոշմանը: Ադրբեջանական պաշտոնական խոսույթներում «Ղարաբաղը» շատ ավելի լայն հասկացություն է: Այսպես, օրինակ, Ադրբեջանում գոյություն ունի Ղարաբաղի տնտեսական շրջան, որի մեջ ներառված են ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացող բնակավայրերը, այլև դրանից դուրս գտնվող մի շարք տարածքներ: Նույն հաջողությամբ Միշելը հայտարարության մեջ կարող էր նշել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ադրբեջանի հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը: Բովանդակային առումով շատ մեծ տարբերություն չէր լինի:

Հայտարարության ղարաբաղյան հատվածը լիովին համպատասխանում է կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման տրամաբանությանը: Վերոնշյալ ձևակերպմամբ Արցախի բնակչության ապագան ու անվտանգությունը երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներ են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ի հավելումն այլ՝ ավելի կարևոր հարցերի:

Մեկնաբանել